կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-02 11:48
Քաղաքական

Միակ ելքը ամբողջական իշխանափոխության հասնելն է. Արմեն Ռուստամյան

Միակ ելքը ամբողջական իշխանափոխության հասնելն է. Արմեն Ռուստամյան

Իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի Երևանի ավագանու ընտրությունները նսեմացնի: Մեր խնդիրն է ապացուցել, որ այս ընտրությունները քաղաքական լուրջ նշանակություն ունեն. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր, Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորող  Արմեն Ռուստամյանը:

 

Թեեւ, ըստ նրա, տեսել ենք, թե իշխանությունները սովորաբար ինչ ջանասիրությամբ են պայքարում ՏԻՄ ընտրությունների ժամանակ, ամեն ինչ անում են, որ ոչ մի գյուղում ուրիշ կուսակցության ներկայացուցիչ չանցնի:

 

Ռուստամյանը հերթական անգամ ընդգծեց, որ իրենց խնդիրը ընդդիմադիր քաղաքապետ ունենալն է: «Բոլորը հասկանում են, որ ընդդիմության հաջողությունը կախված է ժողովրդի ակտիվության հետ: Ավագանու կազմում լինելը հնարավորություն կստեղծի իշխանության դեմ պայքարելու համար: Ընդդիմադիր քաղաքապետի առկայությունն այս միահեծան համակարգի վերջը կդնի: Կձևավորվի հակակշիռ, օգտակար մրցակցություն»,- ընդգծեց նա:

 

Անդրադառնալով Հայաստանի ներկայիս իրավիճակին` Ռուստամյանն ասաց. «Այսօր երկրում իրավիճակը փոխվել է: Ժողովրդի ձայնը գնելը հեշտ չի լինի. մարդիկ այնքան են զզվել, որ այսօր կորցնելու բան չունեն: Իսկ ելքը միակն է` երկրում հասնել ամբողջական իշխանափոխության»:

 

Դիտարկմանը, թե ՀՅԴ-ն ընդօրինակում է Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավը, պատգամավորը պատասխանեց. «Բարևը հո Րաֆֆունը չէ, բարևն Աստծունն է: Եթե ուզում եք իմանալ առաջին բարև տվողը մեր Արծվիկ Մինասյանն էր, որ 2009-ին բոլորին բարևում էր: Մեր խնդիրը բարև տալը չի, այլ իշխանափոխութան հասնելը»: