Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Ապրիլի 29-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ներկայացավ դասական երաժշտության համերգով:
Երեկոն նվիրված էր անգլիացի մեծանուն դիրիժոր, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի նախագահ Քոլին Դևիսի հիշատակին, ով կյանքից հեռացավ վերջերս։ Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի համար մաեստրոն պարզապես երաժիշտ չէր. Քոլին Դևիսի ղեկավարությամբ` Լոնդոնի երաժշտական թագավորական ակադեմիայում ուսանելու տարիներին երիտասարդ դիրիժորը ստացել է կայացմանն ու զարգացմանը նպաստող ամենաթանկ գիտելիքները։
Քոլին Դևիսի հիշատակին նվիրված երևանյան համերգի կապակցությամբ հաղորդագրություն էր ուղարկել Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր տնօրեն Քեթրին Մաքդաուելը։
«Քոլին Դևիսի անսահման երաժշտականությունն ու մարդասիրությունն անչափ գնահատելի էին ինչպես երաժիշտների, այնպես էլ ունկնդիրների շրջանակներում։ Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայում դասավանդելու տարիներին նա ուղղորդել է բազմաթիվ երիտասարդ կատարողների ու դիրիժորների, որոնց թվում էր նաև Սերգեյ Սմբատյանը»,- ասված է տիկին Մաքդաուելի հաղորդագրության մեջ։
Նա նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին, մասնավորապես` Սերգեյ Սմբատյանին` մաեստրոյի հիշատակը վառ պահելու և մեծ դիրիժորին հատուկ երեկո նվիրելու համար։
Համերգային ծրագրում ընդգրկված էին Դմիտրի Շոստակովիչ (Սիմֆոնիա թիվ 6), Կամիլ Սեն-Սանս (Թավջութակի կոնցերտ թիվ 1), Մորիս Ռավել (Վալս, խորեոգրաֆիկ պոեմ)։ Որպես մենակատար` հանդես եկավ բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, ՀՀ վաստակավոր արտիստ, թավջութակահար Արամ Թալալյանը:
Արամ Թալալյանը բարձր գնահատեց երիտասարդ երաժիշտների կատարողական վարպետությունը։ «Ես մշտապես աշխատում եմ երիտասարդների հետ, դասավանդում եմ կոնսերվատորիայում և պետք է ասեմ, որ մեզանում կան հիանալի երիտասարդ երաժիշտներ, որոնք մեծ ձգտում ունեն, որոնց հետ համագործակցությունը շատ հաճելի է։ Երիտասարդական նվագախումբն ունի շնորհալի ղեկավար, ով մեծ եռանդ է ներդնում իր գործում։ Նվագախմբի հետ մեծ աշխատանք է տարվել։ Նվագախմբի մակարդակը բավականին բարձր է, և բոլորովին չի զգացվում, որ նվագում ես երիտասարդ կատարողների հետ»,- լրագրողների հետ զրույցում նշեց Արամ Թալալյանը։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը մեծապես կարևորեց Արամ Թալալյանի հետ համագործակցությունը։ Խոսելով ծրագրի ընտրության մասին՝ նա ընդգծեց, որ երիտասարդական նվագախումբը մշտապես հանդես է գալիս նոր ծրագրերով, ինչն ապահովում է նվագախմբի և երաժիշտների մասնագիտական աճը։
Ի դեպ, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի բոլոր համերգների յուրաքանչյուր գնված տոմսի արժեքի 10%-ը նվիրաբերվելու է «Նվիրի'ր կյանք» բարեգործական հիմնադրամին, որն իր ամբողջ ներուժն ուղղում է քաղցկեղով և արյան հիվանդություններով տառապող հայ մանուկների կյանքի փրկությանը:
ՀՊԵՆ-ի մամլո ծառայություն