Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախորդ տարի, երբ Քուվեյթի կառավարությունը 100 հազար դոլար հատկացրեց Հայաստանում գտնվող սիրիահայերին, դա բազմաթիվ ասեկոսեների տեղիք տվեց: Բանն այն է, որ գումարը ոչ թե առձեռն էր հատկացվում, այլ կտրոնների տեսքով: Մեկ կտրոնը 20 հազար դրամի արժեք ուներ և հատկացվում էր «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի ցուցակում ներառված մոտ 1000 ընտանիքի: Այդ կտրոններով սիրիահայերը կարող էին առեւտուր անել «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում: Քուվեյթի կառավարության հատկացրած գումարները դեռ նախորդ տարեվերջին սպառվել են, իսկ դրա շուրջ ծավալվող խոսակցությունները` ոչ:
Այսօր Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում ՀՀ Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը խնդրեց նախարարության Մերձավոր եւ Միջին Արեւելքի վարչության պետ Լուսինե Ստեփանյանին` ներկայացրել, թե ի՞նչ սկզբունքով է ընտրվել «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը և վերջապես լույս սփռել այդ հարցի վրա:
Ստեփանյանը հայտարարեց, որ որոշումն ընդունել է Քուվեյթից եկած պատվիրակությունը: Նրանք շրջել են քաղաքի բոլոր սուպերմարկետներում և համոզվել, որ ամենաշատ ապրանք ունեցող և համեմատաբար մատչելին սուպերմարկետների այդ ցանցն է: Ստեփանյանը շեշտեց, որ ոչ ոք նրանց չի ուղղորդել:
Հրանուշ Հակոբյանն էլ, իր հերթին, ասաց, որ իրենք բարեգործներին կարող են միայն ներկայացնել իրավիճակները, մնացածը նրանց խնդիրն է:
Եթե Քուվեյթի պարագայում սուպերմարկետն իրենք են ընտրել, ապա Հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական հիմնադրամի դեպքում «Երևան Սիթի» խանութների ցանցն է իր զորակցությունը հայտնել: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գործող Հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական հիմնադրամը, «Եկեղեցիների համատեղ գործողություն» ալյանսի ֆինանսավորմամբ, Հայաստանում ապաստանած սիրիահայերին օգնություն է տրամադրում: Ծրագիրն իրականացվում է դեռևս 2012-ի դեկտեմբերի 10-ից: Այն նախատեսում է սնունդ և առաջին անհրաժեշտության հիգիենայի պարագաներ տրամադրել առավել կարիքավոր 200 ընտանիքի:
Հիմնադրամը շահառու ընտանիքներին տրամադրում է հատուկ քարտեր, որոնցով որոշակի պարբերականությամբ անհրաժեշտ գնումներ են կատարում «Երևան Սիթի» խանութներում: Այս ծրագիրն իրականացվում է Արարատյան Հայրապետական թեմի հետ համագործակցաբար: