Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ոստիկանները թույլ չեն տվել Ծիծիռնակաբերդի հուշահամալիրից դուրս գալուց հետո շրջանցիկ ճանապարհով գնալ դեպի ավտոկայանատեղի:
Ավելի ուշ ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ոստիկանությունից պարզաբանում էր պահանջել միջադեպի առնչությամբ: ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը պարզաբանում է տվել ԲՀԿ-ականների հայտարարություններին իր ֆեյսբուքյան էջում.
«Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ Նաիրա Զոհրաբյանն ու Տիգրան Ուրիխանյանը զանգվածային լրատվության միջոցներին «մեկնաբանություններ» են տրամադրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Գագիկ Ծառուկյանի հետ կատարված «միջադեպի» կապակցությամբ: «Միջադեպ» ասվածն այն է, որ ծառայություն կատարող ոստիկանները պարոն Ծառուկյանին և նրան ուղեկցող անձանց հուշել են համալիրի տարածքում տեղաշարժի նախատեսված ուղին: Ընդամե´նը: Եվ ըստ երևույթին «միջադեպի» մասնակիցների մտքով իսկ չի անցել, որ «միջադեպ» է տեղի ունենում: Համենայնդեպս, պարոն Ծառուկյանը նման խնդրով ոստիկանություն չի դիմել:
Խնդիրը միանգամայն այլ հարթությունում է: Հասկանալով նախընտրական փուլի «առանձնահատկությունները»` Նաիրա Զոհրաբյանին ու Տիգրան Ուրիխանյանին կրկին հիշեցնում ենք, որ ոստիկանները կատարում են իրենց գործառույթները և ինչպես բոլոր զանգվածային միջոցառումների ժամանակ, Ծիծեռնակաբերդում էլ պահպանել են հասարակական կարգը: Հիշեցնում ենք նաեւ, որ ոստիկանությունը վերկուսակցական և վերքաղաքական կառույց է, և չփորձեք քաղաքական գործընթացների մեջ ներքաշել: Նախընտրական քարոզարշավի համար առավել հարմար թեմա գտեք:
Իսկ ինչ վերաբերում է այս գործիչների` ոստիկանության ծառայողներին տրված գնահատականներին, ապա խիստ կասկածում ենք, թե նրանք տիրապետում են համապատասխան մասնագիտական գիտելիքների, որպեսզի գնահատեն ոստիկանության ծառայողի աշխատանքը:
Կոչ եմ անում նաև զերծ մնալ բնորոշումներ տալուց»: