կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-20 15:35
Քաղաքական

ՀՅԴ քայլերթը` Նոր Նորքում

ՀՅԴ քայլերթը` Նոր Նորքում

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում ՀՅԴ-ն այսօր քայլերթ էր կազմակերպել Նոր Նորք վարչական համայնքում: Այստեղ առաջադրված են ՀՅԴ-ական 3 թեկնածուներ՝ Ենոք Աբրահամյանը, Լևոն Գաբրիելյանը և Արա Բաղրամյանը:

 

ՀՅԴ ավագանու թեկնածուների և դաշնակցական երիտասարդների մասնակցությամբ քայլերթը մեկնարկեց Նանսեն փողոցում գտնվող ՀՅԴ նախընտրական շտաբից: Թեև եղանակն անբարենպաստ էր, և փողոցներում շատ մարդիկ չկային, սակայն, ինչպես yerkir.am-ին հավաստիացրեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, դա իրենց բնավ չէր ընկճում:

 

Թեկնածուները բուկլետներ էին բաժանում քաղաքացիներին, զրուցում նրանց հետ: Բնակիչներից շատերն իրենց հիասթափությունն էին հայտնում գործող կառավարությանը, ոմանց անգամ չէին էլ հետաքրքրում ավագանու ընտրությունները, շատերն անտեղյակ էին համայնքում առաջադրված քաղաքապետի թեկնածուներից.

 

<<Լավ է, որ շրջում են, բուկլետներ բաժանում, գոնե կկարդանք, կիմանանք նրանց ծրագրերի մասին>>,- մեզ հետ զրույցում անկեղծացավ բնակիչներից մեկը:

 

Քայլերթի մասնակիցներն այցելեցին նաև ԲՀԿ և ՀՀԿ տարածքային շտաբներ: ՀՀԿ շտաբում ՀՅԴ-ականները ջերմ ընդունելության արժանացան, բուկլետներ փոխանակեցին: Նույնը չի կարելի ասել ԲՀԿ շտաբի մասին. այստեղ, երբ ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ, Երևանի ավագանու թեկնածու Աղվան Վարդանյանը հորդորեց, թե <<Դաշնակցությանը կընտրեք>>, ԲՀԿ-ական երիտասարդները պարզապես կարկամեցին:

 

Ավագանու թեկնածուները շրջեցին նաև Նորքի տոնավաճառում, կարծիքներ փոխանակեցին վաճառողների հետ:

 

<<Նոր Նորք համայնքում  բազմաթիվ խնդիրներ կան, սակայն առաջնայինը՝ սոցիալականն է>>,- yerkir.am -ի հետ զրույցում ասաց Նոր Նորք համայնքում առաջադրված ավագանու ՀՅԴ-ական թեկնածու Լևոն Գաբրիելյանը:

 

Նրա խոսքով` այսօր մեր մայրաքաղաքում անպատժելության մթնոլորտ է տիրում.

 

<<Նոր Նորքը Երևանի <<թոքերից>> մեկն է, որն առանձնանում է կանաչապատ տարածքներով: Սակայն վերջին տարիներին ծառահատումներն ավելացել են: Հատկապես` կցանկանայի շեշտել Կենդանաբանական այգուց դեպի Նորք բարձրացող ճանապարհին գոյացող շենքերի մասին, որոնք կառուցվեցին ուռիների պուրակի հաշվին: Խոսակցություններ են պտտվում, որ այդ շինությունները պատկանում են օլիգարխներից մեկին>>,- ասաց նա և հավելեց, որ պետք է պայքարել նման երևույթների դեմ:

 

Գաբրիելյանը քաղաքացիներին կոչ արեց մայիսի 5-ին գիտակցելով գնալ ընտրության, որ, ի վերջո, հասկանան, թե ինչպիսի Երևան են ուզում:

 

ՀՅԴ քայլերթը դիտեք տեսանյութում: