կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-17 09:54
Քաղաքական

ՀՀԿ կենտրոնական գրասենյակ են հրավիրվել Արմավիրի մարզի մի խումբ բնակիչներ

ՀՀԿ կենտրոնական գրասենյակ են հրավիրվել Արմավիրի մարզի մի խումբ բնակիչներ

Երեկ երեկոյան «Ժողովուրդ»-ը տեղեկություն է ստացել, որ ՀՀԿ կենտրոնական գրասենյակ են հրավիրվել Արմավիրի մարզի մի խումբ բնակիչներ՝ հանդիպելու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

 

Թերթի թղթակիցներն անմիջապես գնացել են Մելիք-Ադամյան փողոց՝ պարզելու՝ մարզի բնակիչները հանդիպում են Տարոն Մարգարյանին, որ ի՞նչ անեն: Ժամը 18:00-ից աժիոտաժ էր ՀՀԿ գրասենյակի առջև. գրում է թերթը: «Բերման ենթարկված» մարդիկ խմբված սպասում էին: Քիչ ավելի ուշ նրանք ներս են մտել:

 

Այնուհետև ՀՀԿ գրասենյակ է ժամանել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ու բարևել բոլորին: Երբ «Ժողովուրդ»-ի լրագրողները լուսանկարել են մարզպետին, նա կատակել է. «Նկարում եք, գոնե էդ լուսանկարը տվեք», ապա ժպտացել ու հեռացել: Նրա հետ էին, գրում է «Ժողովուրդը» Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Ալիկ Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ), Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը և Աժ պատգամավոր Հրանտ Գրիգորյանը: Ասել է թե՝ Արմավիրի մարզի հակագեներալական թևը:

 

Վերջում կուսակցության գրասենյակ է ժամանել Տ. Մարգարյանը: «Ժողովուրդի» թղթակիցը փորձել է նրանից պարզել, թե ինչու է հանդիպում մարզի բնակիչների հետ, սակայն նա իր դեմքի խոժոռ արտահայտությունը չի փոխել ու անարձագանք թողնելով հարցը՝ ներս է մտել:

 

Ավելի ուշ թերթը պարզել է, որ Արմավիրի մարզից «բերման» էին ենթարկվել դպրոցի ուսուցիչները, տնօրենները ու այլ պետական գերատեսչությունների աշխատակիցներ, որոնց Տ. Մարգարյանը խնդրել է աջակցել իրեն, ակտիվ քարոզչություն անել, քանի որ մարզում երևանցի աշխատակիցներ շատ կան: Սա նշանակում է, որ ՀՀԿ-ն շարունակում է պետական լծակներն օգտագործել՝ ի շահ կուսակցության: