կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-10 18:47
Հասարակություն

Նախագահն ընդունել է Բուխարեստի քաղաքապետին

Նախագահն ընդունել է Բուխարեստի քաղաքապետին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ նախագահի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցելու առիթով Հայաստան ժամանած Բուխարեստի (Ռումինիա) քաղաքապետ Սորին Միրչեա Օպրեսկուին:

 

Հայ-ռումինական հարաբերությունների զարգացման և երկու ժողովուրդների՝ դարերի խորքից եկող բարեկամության ամրապնդման գործում Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է մայրաքաղաք Բուխարեստի դերը: Հանրապետության նախագահը երախտագիտություն է հայտնել Ռումինիայի իշխանություններին, այդ թվում՝ Ռումինիայում հայտնի քաղաքական գործիչ Սորին Միրչեա Օպրեսկուին՝ հայ համայնքի նկատմամբ հոգատար և բարյացակամ վերաբերմունքի համար:

 

Քաղաքապետ Օպրեսկուն դրվատանքով է խոսել հայերի մասին, նշելով, որ իր երկրում հայերն ու ռումինացիները համատեղ ապրելով, մշտապես շատ լավ են հասկացել միմյանց և, որպես քաղաքապետ, շահագրգռված է նպաստելու երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը: Նա վստահեցրել է, որ ջանք չի խնայի Երևանի ու Բուխարեստի միջև համագործակցությունը կայացնելու և զարգացնելու, Հայաստանի մայրաքաղաքի տնտեսության մեջ ռումինական ներդրումները խթանելու, փոխշահավետ համատեղ նախագծեր իրականացնելու գործում: Ընդգծելով, որ ոչինչ ավելի ճշմարիտ չի կարող լինել, քան ականատեսի կարծիքը, Բուխարեստի քաղաքապետը նշել է, թե տեսնելով Երևանը՝ տպավորված է քաղաքապետի գործունեությամբ, քաղաքային խնդիրների լուծմանն ուղղված նրա գործնական մոտեցումներով ու զարգացման ծրագրերով: Նա հույս է հայտնել, որ երկու մայրաքաղաքների միջև ստորագրված մտադրությունների հուշագրի արդյունքները երկար սպասեցնել չեն տա՝ նպաստելով Երևանի և Բուխարեստի զարգացմանն ու բնակիչների բարեկեցության բարձրացմանը: