կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-26 13:16
Քաղաքական

Մինչ օրս չեն արձագանքել միջադեպերին

Մինչ օրս չեն արձագանքել միջադեպերին

Այսօր Ազատության հրապարակում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն անդրադարձավ մարտի 23-ի երեկոյան տեղի ունեցած միջադեպին եւ կարծիք հայտնեց, որ այն պետք է լուրջ ուշադրության արժանանար իշխանությունների ու համապատասխան մարմինների կողմից, բայց չարժանացավ: Այդ օրը մի քաղաքացի մոտ 50 մետր տարածություն է կարողացել անցնել` հայհոյանքներով, կողքի մարդկանց հրելով, հասնել էր մինչեւ հարթակ, որտեղ գտնվել է Րաֆֆի Հովհաննիսյանը, եւ փորձել է նրան հարվածել:

 

Ռուեբն Հակոբյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ այդ քաղաքացին հայհոյելով անցել էր ոստիկանների կողքով, բայց նրանց կողմից որեւէ կանխարգելիչ միջոց չէր ձեռնարկվել: «Եվ եթե չլինեին այդ պահին Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին կանգնած մարդիկ, կարող էր տխուր, եթե չասեմ ողբերգական հետեւանք ունենալ, որովհետեւ այդ քաղաքացին իր ձեռքին ունեցել է ինչ-որ բան` պարզ չէ, թե ինչ: Նա էլ չի թաքցրել եւ ասել է, որ ինքը գնում է Րաֆֆի Հովհաննիսյանին հարվածելու: Առայժմ հայտնի չէ, թե որտեղ է այդ քաղաքացին եւ ինչ միջոցառումներ է ձեռնարկում իշխանությունն այդ միջադեպի կապակցությամբ: Մենք չենք ուզում առայժմ ասել, որ  ոստիկանությունը միտումնավոր թույլ է տվել, որ միջադեպը տեղի ունենա, բայց մենք ունենք նախադեպը` Սեւանում տեղի ունեցած միջադեպը»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:

 

Նա Սեւանի ու Երեւանի միջադեպերը դիտարկեց միասնաբար, հիշատակեց, որ Սեւանի քաղաքապետը հայտնի է իր քրեական անցյալով ու քրեական տարրերի էր հավաքել, որպեսզի սադրեր ու նրանք հարձակում գործեին իրենց թիմի անդամների վրա:

 

«Բայց իշխանությունները մինչ օրս որեւէ ձեւով չեն արձագանքել ինչպես այդ, այնպես էլ մարտի 23-ի միջադեպին, ու կարծում եմ, որ այդ պահվածքով իշխնություններն ինդուլգենցիա են տալիս կամ կանաչ լույս են վառում քրեական տարրերի դեմ, որպեսզի այդ միջոցով խոչընդոտեն այս քաղաքական զարգացումները, ինչը միշտ եղել է այս տարիների ընթացքում»,- հայտարարեց Ռուբեն Հակոբյանը:

 

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը պահանջեց իշխանություններից, որ զերծ մնան քրեական տարրերի միջոցով քաղաքական հարցեր լուծելուց, այլապես ամբողջ պատասխանատվությունը կկրեն հենց իրենք` իշխանությունները: