կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-21 23:20
Հասարակություն

Առաջիկա օրերին հավաքներ անցկացնելու վերաբերյալ մինչ օրս ծանուցումներ չեն ստացվել. ՀՀ ոստիկանություն

Առաջիկա օրերին հավաքներ անցկացնելու վերաբերյալ  մինչ օրս ծանուցումներ չեն ստացվել. ՀՀ ոստիկանություն

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետություն են ժամանում օտարերկրյա պատվիրակություններ, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր: 

Ոստիկանությունը հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման խնդիրն  իրականացնելու է պարեկապահակետային ուժեղացված ծառայությամբ՝ համայնքային ոստիկանության մեծաթիվ ծառայողների մասնակցությամբ: 
Նշենք, որ առաջիկա օրերին հավաքներ անցկացնելու վերաբերյալ  ոստիկանությունը մինչ օրս լիազոր մարմնից կարծիք ստանալու նպատակով ծանուցումներ չի ստացել:
«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նման իրազեկումներ կարող են ներկայացվել հավաքի անցկացման օրվանից նվազագույնը 7 օր առաջ: Հիշյալ ժամկետն ինքնանպատակ չէ, և ոստիկանությանը հնարավորություն է տալիս նախապես միջոցներ ձեռնարկել հասարակական կարգը, հավաքի բնականոն ընթացքը, հավաքի մասնակիցների անվտանգությունը և այլոց իրավունքներն ապահովելու ուղղությամբ:
Նկատի ունենալով, որ իրազեկում ներկայացնելու վերը նշված ժամկետը բաց է թողնվել, ոստիկանությունը, հնարավոր հավաքներով պայմանավորված՝  ուժերի  և միջոցների բաշխում չի իրականացրել: 
Օրենքով սահմանված միջոցներով հավաքների հնարավոր սահմանափակումնները բացառելու նկատառումներով  մեր  քաղաքացիներին, հասարակական միավորումներին ու շարժումներին   կոչ ենք անում՝ հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրենց սահմանադրական  իրավունքն իրացնել բացառապես օրենքով սահմանված ժամկետներում և կարգով:
Վստահ ենք, որ ոստիկանության կոչը՝ ուղղված ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների ընթացքում հասարակական անվտանգության ապահովմանը, պատշաճ  արձագանք  կգտնի մեր հանրության կողմից: