Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Պարզվում է՝ մայիսին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում կարեւոր ներդրում են ունենալու նաև մարզերի բնակիչները: «Հայկական ժամանակի» տեղեկություններով, մայրաքաղաքից դուրս գտնվող դպրոցներում աշխատող ուսուցիչների վրա պլան է դրվել: Ուսուցիչներն, ըստ այդմ, պետք է ներկայացնեն Երեւանում բնակվող իրենց ծանոթ-բարեկամների անձնագրային տվյալները, թվով 5-6 անձի եւ հոգ տանեն, որպեսզի նրանք մասնակցեն ընտրություններին՝ քվեարկելով Հանրապետական կուսակցության օգտին:
«ՀԺ» թղթակիցը զրուցել է նման հրահանգ ստացած ուսուցիչներից մեկի հետ, որի անունը հասկանալի պատճառներով չի հրապարակել:
- Երեւանի ավագանու ընտրությունների հետ կապված հրահանգներ եք ստացել, կասե՞ք՝ կոնկրետ ի՞նչ է պահանջվում ձեզնից:
- Հարցնում էին՝ հարազատ ունե՞ք Երևան քաղաքում, վստահելի մարդիկ: Ասացինք՝ այո: Դե, հնարավոր չէ, որ գոնե մի հոգի գտնվի, որը չունենա թեկուզ մեկ վստահելի մարդ: Ընտրությունների համար անձնագրերի տվյալները ուզեցին, իսկ այսօր ես տեղեկացա, որ ովքեր արդեն բերել ներկայացրել են, պարզվել է, որ պարտադիր է եղել նաեւ տան հասցեն եւ այն տեղամասի համարը, որտեղ այդ մարդիկ պետք է քվեարկեն:
- Իսկ ինչու է կարեւորվում, որ վստահելի մարդ լինի:
- Դե, չգիտեմ ինչի համար են իրենք այդքան կարևորում, բայց դե ասում էին, որ պետք է ընտրել Հանրապետական կուսակցությանը: Եթե հրաժարվես չաջակցես, խնդիրներ կունենաս: Ես հաստատ համոզված եմ, որ եթե գոնե մեկ հոգու անուն չներկայացնեմ, այդպես կլինի: Ինչքան էլ լավ աշխատես, հաստատ կարող են, չէ՞, վատը տեսնել: Ասացին՝ ուզում ենք իմանալ, թե որ համայնքում ինչքան մարդ կա ընտրության մասնակցող: Իրենք մեզ ասում են, որ այնքան էլ կարեւոր չէ՝ այդ մարդիկ ում կընտրեն: Ընդհանուրի մոտ չէ, բայց ներքին կարգով բոլորիս ասվել է, որ պետք է Հանրապետականին ընտրել:
- Իսկ ժամկետ ասվե՞լ է, թե մինչև երբ պիտի ներկայացնեք Երեւանում բնակվող ձեր հարազատների տվյալները:
- Այս շաբաթ արձակուրդ էինք, եւ ասացին՝ այդ ընթացքում կարգավորեք: