կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-18 13:26
Իրավական

Դռնբաց դատական նիստ` ''դռնփակ'' վկաների բացակայությամբ

Դռնբաց դատական նիստ` ''դռնփակ'' վկաների բացակայությամբ

Մի շարք պաշտոնատար անձանց տներ թալանած «Բանդայի» գործով այսօրվա դատական նիստը մեկնարկեց 30 րոպե ուշացումով: Դատարանի աշխատակիցներն այդ ընթացքում համապատասխան ոստիկանական բաժանմունքներից փորձում էին ճշտել, թե ի՞նչն է պատճառը, որ գործով վկաներին բերման ենթարկելու որոշումները չեն կատարվել:

 

Պարզվում է` բերման որոշմանը ենթակա վկաների տների դռները փակ են եղել, և ոստիկաններին չի հաջողվալ կապ հաստատել նրանց հետ: Ոստիկանական համապատասխան բաժնի հավաստմամբ` վկաներ Էդուարդ Հարությունյանի, Կարինե և Հովհաննես Չինանյանների վերաբերյալ ֆաքսով արձանագրություն է ուղարկվել դատարան, սակայն նիստի քարտուղարը հայտարարեց, որ իրենք նման արձանագրություն առայժմ չեն ստացել:

 

3 վկաներ էլ պատշաճ ծանուցվել էին, սակայն չէին ներկայացել դատարան: Ստեղծված իրավիճակը հաշվի առնելով` դատավոր Մխիթար Պապոյանը որոշում կայացրեց բերման հիշեցումներ ուղարկել ոստիկանության բաժիններ, իսկ 3 վկաներին էլ հաջորդ դատական նիստին բերման ենթարկել:

 

Եթե վկաների տան դռները բաց լինեն և ոստիկանների հաջողվի նրանց բերման ենթարկել դատարան, հաջորդ դատական նիստին` մարտի 25-ին, տեղի կունենա նրանց հարցաքննությունը:

 

Հիշեցնենք, որ ավազակային հարձակման գործով մեղադրվում է 6 անձ: Ըստ մեղադրական եզրակացության` Արտուշ Հակոբյանը Գուրգեն Հայրապետյանի հետ միասին (վերջինս, փորձելով ազատվել ոստիկանության աշխատակիցների հետապնդումներից, դիմել էր փախուստի, որի ընթացքում, բարձրանալով Մյասնիկյան պողոտային հարակից ժայռը, վայր է ընկել և մահացել) ստեղծել և ղեկավարել է կազմակերպված զինված կայուն խումբ` բանդա, ապա բանդայի կազմում հավաքագրել Սամվել Դավթյանին, Քյարամ Ամոյանին, Արման Դալլաքյանին, Արթուր Մանուկյանին ու Դավիթ Գալստյանին և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց:

 

Համաձայն նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների` Ա. Հակոբյանը 2011 թվականի մայիս-օգոստոս ամիսներին կազմակերպել և ղեկավարել է Ատոմ Ղազազյանի, Էդուարդ Բեզոյանի, Աղվան Գրիգորյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումները: Նախաքննության տվյալներով` Սամվել Դավթյանը և Դավիթ Գալստյանը մասնակցել են վերոհիշյալ անձանց նկատմամբ կատարված ավազակային հարձակումներին, իսկ Քյարամ Ամոյանի և Արթուր Մանուկյանի հետ նաև Կարեն Ջինանյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ կատարվելիք ավազակային հարձակման նախապատրաստությանը:

 

Արման Դալլաքյանն էլ մեղադրվում է Էդուարդ Բեզոյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումներին մասնակցելու մեջ: