կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-18 12:30
Առանց Կատեգորիա

Ծանր ռոք

Ծանր ռոք

Ճնշում

Միայն իմ դիակի վրայով՝ ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը խեղճ բժշկին, երբ վերջինս փորձել էր չափել նրա արյան ճնշումը: Մխիթար Հերացու տարակուսած հետնորդը դիմել է Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցներին խնդրանքով՝ նրան բացատրեք, որ դիակի արյան ճնշումը մենք առանց չափելու էլ գիտենք:

 

Սողոմոն իմաստուն

Ոչ մի կուսակցության ղեկավար, եթե նույնիսկ իմանա, իրավունք չունի նշելու իր մահվան ստույգ օրը: Դա կարող է խլրտում առաջացնել կուսակցության մեջ, թե ով պետք է նրանից հետո զբաղեցնի ղեկավար պոստը: Հասկացաք, երևի, թե խոսքն ում մասին է, բայց դա վերաբերում է համարյա բոլորին:

 

Երկու շիրիմ՝ իրար կից

Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն հանդես կգա երկու ցուցակով, որոնցից մեկը կոչվում է ՕԵԿ-ի ցուցակ: Նկատենք, որ դա ՀՀԿ-ի կողմից անխոհեմ քայլ է: Ընտրապայքարի էքստազի մեջ մի ցուցակը փնովելու է մյուս ցուցակին ու երկուսով միասին են ընկնելու ... էն բանը:

 

Habemus Papam!!!

Հռոմի պապի ընտրության օրերին մի ՀՀԿ-ականից տեղեկացանք, որ դեռևս ՀՀԿ գլխավոր գրասենյակի տանիքի վերանորոգման ժամանակ որոշում է կայացվել ծխնելույզ տեղադրել այնտեղ և մեր հանրությանը դրանից բաց թողնվող ծխի գույնով տեղեկացնել ՀՀԿ ղեկավարի արտասահմանյան շրջագայությունների արդյունքների մասին: Իսկ երբ ՀՀԿ գրասենյակի տանիքը երկու անգամ հրդեհվեց, որոշ շրջահայաց ՀՀԿ-ականներ, ի վերջո, կարողացան փոխել որոշումը և արեցին նոր առաջարկ` ասելով, որ ճիշտ կլինի ծխնելույզը տեղադրել ՀՀ նախագահի նստավայրի տանիքին, որովհետև ՀՀԿ ղեկավարը նախևառաջ ՀՀ նախագահն է: Այդ միտքը, ասում են, Սերժ Սարգսյանին դուր չի եկել` հակահրդեհային նկատառումներից ելնելով: Այդ պատճառով էլ, ծխնելույզի գործառույթն առայժմ կատարում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ՀՀԿ գրասենյակից մեկնաբանելով ՀՀ նախագահի այցերը:

 

Մեր ընթերցողներին տեղեկացնենք, որ Yerkir.am-ը այս թեմային անդրադարձել էր ավելի վաղ, մասնավորապես՝ այստեղ http://www.yerkir.am/am/news/46588.htm

 

Ուշադրություն

ՀՅԴ ԳՄ շենքից դուրս գալուց հետո կորել է ԲՀԿ-ի առանցքը, որի շուրջ պետք է միավորվեին քաղաքական կամիկաձեները, հնարավոր է՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Գտնողին խոստանում են դրամական պարգև:

 

Կարևորը առողջությունն է

ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ հրաշքով ողջ մնացած Պարույր Հայրիկյանն սկսել է իսկականից կազդուրվել: Նա օրերս հայտարարել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը շատ ձայներ է հավաքել ի պատիվ Սերժ Սարգսյանի: Թեթև հոգեբանական խնդիրներ են մնացել, բայց դա արդեն մեր պրոֆիլն է, կբուժենք՝ ասել են ոլորտի մասնագետները:

 

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ