Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Րաֆֆի Հովհաննիսյանը Էջմիածնի իր կողմնակիցների հետ այսօր հանդիպման եկավ`բոլորին ողջունելով, իսկ հավաքվածները Րաֆֆի Հովհաննիսյանին ողջունեցին «Րաֆֆի» եւ «Հայաստան» վանկարկումներով: Դիմելով հանրահավաքի մասնակիցներին` նա նշեց, որ բարեւի մեջ կա հաղթանակ, կա սրբություն, կա ջերմություն:
«Շնորհավորում եմ մեր հաղթանակը: Անգամ պաշտոնական տվյալներով` Վաղարշապատը հաղթեց 57-ը 37-ի դիմաց: Հաղթեց սեփական վախը, սեփական ստրկությանը եւ ասաց, որ փոխում ենք մեր կյանքը, մեր ամեն ինչը, եւ այնքա~ն ուժ կա այստեղ»,- ասաց Հովհաննիսյանը:
Նա մեկ անգամ եւս շեշտեց, որ հաղթանակը Հայաստանի ժողովրդինն է, իսկ ինքը այդ ժողովրդի մի մասնիկն է:
«Մենք պետք է հարգենք բոլորին, անգամ նրանց, ովքեր մեր հարգանքին արժանի չեն: Եվ փոխադարձն էլ պետք է լինի: Մեզ պետք է հարգեն նաեւ մեր ոստիկանները, այլեւս ոչ մի բռնություն, այս երկիրը նաեւ մեր ոստիկանների երկիրն է»,- նշեց Հովհաննիսյանը եւ ոստիկանությանը կոչ արեց բացել Հայաստանի ճանապարհները հայ ժողովրդի առջեւ:
Էջմիածնում Րաֆֆի Հովհաննիսյանը դարձյալ անդրադարձավ Ամենայն Հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսների` գործող նախագահ Սերժ Սարգսյանին վաղաժամ` մինչեւ ԿԸՀ-ի կողմից ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումը, շնորհավորական ուղերձ հղելու հանգամանքին եւ նշեց, որ մի քիչ շտապել են շամպայն խմել: Նա նշեց, որ ինքը նույնպես Հայ Առաքելական եկեղեցու զավակ է, եւ ոչ ոք չպետք է բռնանա հայ ժողովրդի իրավունքի, ընտրության եւ արժանապատվության վրա:
«Սա ո'չ Վեհափառի հարցն է, որովհետեւ նրա հարցը Աստծո հետ է, ո'չ Կիլիկիո կաթողիկոսինն է, ո'չ Սերժի ու Րաֆֆիի հարցն է, ո'չ Ռուսաստանի եւ ո էլ ԱՄՆ-ի հարցն է»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա հանրահավաքի մասնակիցներին պատմեց, որ ինքն այսօր հանդիպել է ՌԴ դեսպանի հետ եւ ասել, որ ինքը հարգում է Ռուսաստանը, ԱՄՆ-ը, բայց հայ ժողովուրդը այլեւս չի վախենում ոչ ոքից, եւ նրանք պետք է ճանաչեն ժողովրդի իրավունքները եւ ընտրությունը:
Վերջում Րաֆֆի Հովհաննիսյանը շեշտեց, որ ժողովուրդը փոփոխություն պարտադրեց փետրվարի 18-ին, եւ դրանով իսկ մենք նոր ազգ ենք դարձել, նոր պետություն ու ժողովուրդ: Նա հայտարարեց. «Պահանջում ենք` ԱՄՆ-ից սկսած մինչեւ Ռուսաստան ու Չինաստան, ճանաչե’ք, որովեհետեւ հայ ժողովուրդը որոշել եւ ապացուցել է որ ոչ միայն հնարավոր է, այլեւ ընտրել ու հաղթել է»: