Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի ոստիկանությունը հայտարարություն է տարածել Րաֆֆի Հովհաննիսյանի` Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքի մասին:
Հայտարարության մեջ, մանսավորապես, ասվում է.
«Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է, որ Ր. Հովհաննիսյանի մարզային այցելություններից հետո հանրապետությունում ստեղծված իրավիճակին հրատապ արձագանքելու նպատակով այսօր Երեւանում անցկացվելու է հրատապ հավաք, որն ահնարին է անցկացնել իրազեկմամբ: Այդ կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը լիազորված է հայտարարել, որ այսօրվա «շտապ» հավաքի մասին կազմակերպիչները դեռեւս օրեր առաջ են հայտարարել, հետեւաբար, միանշանակ հերքվում է իրադարձություններին հրատապ արձագանքելու անհրաժեշտությունը: Ակնհայտ է նաեւ, որ Ր. Հովհաննիսյանի մարզային hանդիպումները չեն հանգեցրել որեւէ նոր իրադրության առաջացմանը, որին անհրաժեշտ էր հրատապ արձագանքել, քանի որ քննարկման թեման, ինչպես եւ Ր. Հովհաննիսյանի նախընտրական եւ հետընտրական մի շարք հավաքների ժամանակ, եղել եւ մնում է ընտրությունների արդյունքների սեփական գնահատականը եւ դրանից բխող գործողությունները:
ՀՀ ոստիկանությունը հարկ է համարում նկատել, որ Հավաքների ազատության մասին օրենքի 26-րդ հոդվածում ամրագրված՝ ինքնաբուխ եւ շտապ հավաքների անցկացման իրավունքը վերաբերում է բացառիկ իրավիճակներին, առանձին դեպքերին, եւ այդպիսի հավաքները պետք է ունենան իրապես հրատապ շարժառիթ, հակառակ դեպքում հրատապ կամ ինքնաբուխ հավաքի քողի ներքո կարելի է առանց իրազեկման անցկացնել իրազեկում պահանջող ցանկացած հավաք եւ դրանով իմաստազրկել ամբողջ օրենքը, ինչպես եւ իրազեկման նպատակը, որն է՝ հենց հավաքի բնականոն եւ խաղաղ ընթացքի ապահովման եւ այլոց իրավունքների, ինչպես եւ հանրության շահերի պաշտպանության համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելը, որի ապահովումն անհնարին է դառնում կամ էապես դժվարանում է իրազեկման բացակայության պայմաններում, եւ դրանով էապես վտանգվում է նաեւ հենց հավաքի մասնակիցների, ինչպես եւ այլոց իրավունքներն արդյունավետ պաշտպանելու հնարավորությունը:
ՀՀ ոստիկանությունն ընդգծում է, որ օրենքի տարբեր դրույթները ամբողջական են: Չի կարելի սեփական շահերից ելնելով՝ մի դեպքում հղում անել դրանց մի մասին, մեկ այլ դեպքում՝ մյուս: Հետեւաբար, այսօրվա հավաքը եւս անօրինական է եւ կարող է հանգեցնել վարչական պատասխանատվության»: