Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Ազատութան հրապարակում կայացած հանրահավաքի ընթացքում լրագրողները երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանին հարցրեցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի այս անգամ: Նա պատասխանեց. «Ես, ճիշտն ասած, կուզեի, որ այդ հարցն ուղղեիք Սերժ Սարգսյանին»:
Հետո շարունակեց, որ ինքը կասկածների մեջ է, թե այս ամենն ինչով կավարտվի, որովհետեւ անցած երեք կառավարություններից որեւէ մեկը չփորձեց համակարգ ստեղծել` ազնիվ, նվիրյալ մարդկանցով, բոլորն ուղղակի փորձեցին մնալ իրենց պաշտոնին` «զխտվեցին, լափեցին, գիտենք` ինչ փողեր ունեն, եւ այլն»:
Հախվերդյանի կարծիքով` այս օրերին սկիզբ առած շարժումը նման է ձնագնդի, եւ որքան իշխանությունները փորձեն ճնշում գործադրել ժողովրդի վրա, այնքան գնալով մեծանալու է այդ ձնագունդը` նրանց դեմ է աշխատելու: «Ոնց որ ասում են` իրենց սրած բիզը մտնելու է իրենց հետույքը` մեղմ ասած: Եվ ես այդ առումով ակնկալիքներ ունեմ, որ նրանք ինչքան ջղայնացնեն ժողովրդին, այնքան իրենց համար վատ կլինի»,- ասաց երգահանը:
Մեր հարցին, թե `որպես ժողովրդի ներկայացուցիչ, այդ զայրույթը կա՞ իր մոտ, Ռուբեն Հախվերդյանը պատասխանեց, որ ինքը միշտ ասել է այն, ինչ մտածել է, ու եթե ինչ-որ բան եթերից կիսատ է ասել, ուրեմն իր խոսքը մոնտաժած են ներկայացրել:
«Ես չսիրված մարդ եմ վերեւների կողմից, որովհետեւ նրանք ինձ առանձնապես համակրանքով չեն վերաբերվում, ինչն ինձ բոլորովին չի հետաքրքրում: Նույնիսկ եթե Րաֆֆին էլ չլիներ, ես կարծում եմ, որ այս ամենը ժողովրդի «ոչ»-ն է Սերժին ու իր համակարգին, շատ մարդկանց «ոչ»-ն է: Գուցե շատերը համաձայն չեն, որ Րաֆֆին նախագահ լինի, որովհետեւ չգիտենք, թե նրանից ինչ սպասենք, բայց մենք, առաջին հերթին, ասում ենք «ո'չ» Սերժ Սարգսյանին ու կառավարությանը»,- հայտարարեց նա:
Հախվերդյանը հայտնեց, որ իրենք, ընտանիքով, չեն գնացել ընտրությունների, որովհետեւ գիտեն, թե ուժային եւ այլ միջոցներով, ի վերջո, ով է անցնելու այդ ընտրություններում, բայց ժողովրդական ընդվզումը նրան հույս է տալիս: Վերջիվերջո, նշեց երգիչը, մենք ճորտեր չենք, եւ ժողովուրդը փորձում է այս ճորտային համակարգից դուրս գալ:
«Մենք դիմացանք ցուրտ ու մութ գիշերներին, եւ այդքան արտագաղթ չկար, մենք դիմացանք այդ ընչազրկությանը, այս փողերի հետ մանիպուլյացիաներին, բայց ժողովուրդը չդիմացավ այս անբարոյականությանը եւ, եթե կարելի է այսպես արտահայտվել` «մեղմ ֆաշիզմին»»,- ասաց նա:
Ռուբեն Հախվերդյանի համոզմամբ` Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է գնա առաջ, ու թեեւ ինքը նրան այդքան էլ լավ չի ճանաչում, բայց համոզված է, որ ժողովուրդը պետք է ազատվի այս իշխանավորներից: