կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-16 23:16
Իրավական

Կրակոցների փաստով բերման են ենթարկվել Արմավիրի քաղաքապետի որդին

Կրակոցների փաստով բերման են ենթարկվել Արմավիրի քաղաքապետի որդին

Այսօր Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում մի խումբ երիտասարդ տղաների միջև տեղի էր ունեցել ծեծկռտուք, որի ժամանակ հնչել էին կրակոցներ: Գագիկ Շամշյանի հաղորդմամբ` վիճաբանողների մեջ է եղել Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի որդին՝ Հայկը, սակայն քաղաքապետը էլեկտրոնային լրատվամիջոցներով հերքել էր իր տղայի մասնակցությունը և հայտնել, որ տղան գտնվում է բանակում:


Քիչ առաջ, սակայն, հայտնի է դարձել, որ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խմբերը Արմավիրի ոստիկանություն են բերման ենթարկել Արմավիր քաղաքի՝ Երևանյան 1-ին նրբանցք 1-ին տան բնակիչ, 19-ամյա Հայկ Խլղաթյանին, Շահումյան փողոցի 76 շենքի բնակիչ, 20-ամյա Լևոն Չիլինգարյանին, Արմավիր քաղաքի Արարատյան 11 տան բնակիչ, 19-ամյա Կոլյա Սուքիասյանին, Արմավիր քաղաքի Շահումյան 98 տան բնակիչ, 20-ամյա Ասատուր Բաղդասարյանին, Արմավիր քաղաքի Հանրապետության 21ա շենքի բնակիչ, 18-ամյա Էդուրդ Իկիլիկյանին, Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա 91 տան բնակիչ, 20-ամյա Էդգար Իսրաելյանին, և Արմավիր քաղաքի Շահումյան 58 տան բնակիչ, 20-ամյա Նարեկ Հակոբյանին:


Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Արմավիրի ոստիկանության հատուկ պահպանվող տարածք են տեղափոխվել նաև Սուքիասյանի վարած «Օպել» մակնիշի 34 VO 905, Ա. Բաղդասարյանի «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի 15 ՍՍ 296, և Է. Իկիլիկյանի վարած «Մերսեդես» մակնիշի 08 ԼՕ 606 համարանիշի ավտոմեքենաները:


Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննիչ Սահակ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:


Հայտնաբերվել է նաև տրավմատիկ տեսակի ատրճանակը, որով վիճաբանության ժամանակ Լ. Չիլինգարյանը կրակոցներ էր արձակել: Եվ երբ Լևոնը սկսել է կրակոցներ արձակել, քաղաքապետի տղան՝ Հայկը, որը ժամկետային զինծառայող է, սակայն գտնվում է օրինական արձակուրդում, Լևոնի ձեռքից խլել է զենքը:


Արմավիրցիները ֆոտոլրագրողին պատմել են, որ եթե ոստիկանները ժամանակին բերման չենթարկեին կռվի մասնակիցներին, ապա հնարավոր է` մի կաթիլ մեղրի պատմության նման անհեթեթ վիճաբանությունը ողբերգական ավարտ ունենար: