կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-15 15:25
Իրավական

Րաֆֆի Հովհաննիսյանի բարի համբավը չի նսեմացվել

Րաֆֆի Հովհաննիսյանի բարի համբավը չի նսեմացվել

Դատախազության հանձնարարությամբ` ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժանմունքում ստուգվել է 2013թ. հունվարի 30-ին www.iditord.org կայքում տեղադրված տեղեկությունն այն մասին, որ «Մեկ ազգ» կազմակերպությունն անարգել շարունակում է հակաքարոզչություն իրականացնել նախագահի թեկնածու Ր.Հովհաննիսյանի նկատմամբ` Երևանի շենքերին ու էլեկտրասյուներին «Ո'չ ասեք արևմտամետ Լևոնին և Րաֆֆուն» վերտառությամբ պաստառներ փակցնելով:

 

Նյութերի նախապատրաստման ընթացքում «Մեկ ազգ» կազմակերպությունների դաշինքի համանախագահ Գ. Թամազյանը բացատրություն է տվել, որում, մասնավորապես, ասվում է. «Ոչ ասեք Լևոն + Րաֆֆի արևմտամետ ուժին» գրառումներով թռուցիկները 2012թ. հուլիս ամսից սկսել են փակցնել Երևան քաղաքի էլեկտրասյուներին, իսկ 2012թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամսիներից սկսած, երբ Երևանի քաղաքապետի կողմից որոշում է կայացվել նման թռուցիկները բացառապես դրանց համար հատկացված ստենդներին փակցնելու մասին, սկսել են փակցնել նշված ստենդների վրա: Հիշյալ որոշումն ընդունվելուց հետո մինչ օրս որևէ թռուցիկ Երևան քաղաքի շենքերին կամ էլեկտրասյուներին չեն փակցրել: 


Թռուցիկներ փակցնելով, ըստ Գ. Թամազյանի, իրենք նպատակ չեն հետապնդել և չեն հետապնդում վիրավորել կամ զրպարտել որևէ մեկին, այլ օրենքով սահմանված կարգով օգտվելով խոսքի ազատության սկզբունքից` այդ թռուցիկներով քննադատում են տվյալ քաղաքական գործիչների դիրքորոշումը, ավելին` իրենք նպատակ չեն հետապնդել ընտրությունների անցակցման ընթացքում հակաքարոզչություն իրականացնել ՀՀ նախագահի թեկնածու Ր.Հովհաննիսյանի նկատմամբ կամ ապակողմնորոշել ընտրողներին: 

 

Գ.Թամազյանը միաժամանակ պարզաբանել է, որ իրենք արևմտամետ համարում են այն քաղաքական ուժին կամ քաղաքական զործչին, ով չի դատապարտում համասեռամոլությունը, աղանդավորություևը և ազատ բարքերը: «Ո'չ ասեք Լևոն + Րաֆֆի արևմտամետ ուժին» գրառումներով թռուցիկները  2012թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամսիներից սկսած` Երևանի քաղաքապետի` թռուցիկները բացառապես դրանց համար հատկացված ստենդներին փակցնելու մասին որոշումից հետո մինչ օրս որևէ թռուցիկ Երևան քաղաքի շենքերին կամ էլեկտրասյուներին չեն փակցրել: 

 

Այսպիսով` ոստիկանությունը նախապատրաստած նյութերով պարզել է, որ ՀՀ նախագահի թեկնածու Ր.Հովհաննիսյանի պատիվն ու արժանապատվությունը, ինչպես նաև բարի համբավը չեն նսեմացվել, այլ դրանք կրել են քննադատական ու գնահատողական բնույթ, ավելին` «արևմտամետ» արտահայտությունն ընտրողների մոտ կարող է առաջացնել ոչ միայն բացասական, այլ նաև դրական ազդեցություն, քանի որ Արևմուտքում` եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում, օրենքները բխում են ժողովրդավարական ու մարդասիրական սկզբունքներից, միաժամանակ նշված պետություններում բավականին բարձր է հասարակության կենսամակարդակը:

 

Վերը նշվածը հաշվի առնելով` հետաքննիչը եզրակացրել է, որ Գ.Թամազյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 151-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը, ուստի ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է: