կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-31 17:36
Իրավական

ՀՔԾ-ն 18 դիմում է ստացել նախագահի աշխատակազմից

ՀՔԾ-ն 18 դիմում է ստացել  նախագահի աշխատակազմից

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը 2012թ. ընթացքում ստացել է 863 դիմում` նախորդ տարվա 659-ի փոխարեն, այսինքն` 204-ով ավելի: Ստացված դիմումներից 344-ը կցվել են քրեական գործերին, նյութերին, վարույթներին, 4-ով հարուցվել է քրեական գործ, 62-ով նախապատրաստվել են նյութեր (որոնցով քրեական գործերի հարուցումը մերժվել է), 206-ն ուղարկվել են այլ մարմին` ըստ ենթակայության, 228-ին տրվել է պարզաբանում:

 

Ստացված դիմումներից 9-ին պատասխան չի տրվել (թողնվել է անհետևանք, դիմումատուի հետ թղթակցությունը դադարեցվել է ծառայությունում դիմումների, բողոքների, առաջարկությունների քննարկման, անձանց ընդունելության և գործավարության կարգի 37-րդ կետի համաձայն' նույնաբովանդակ, կրկնվող դիմումների մեջ նոր փաստեր չներկայացնելու, իսկ նախապես ներկայացված փաստերն արդեն իսկ ստուգված և սպառիչ պատասխան տրված լինելու պատճառով), 10-ը գտնվում է ընթացքի մեջ:

 

Դիմումներ են ստացվել նաև ՀՀ Նախագահի աշխատակազմից՝ 18, ՀՀ Ազգային ժողովից՝ 6, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանից` 22:

 

Ըստ ՀՔԾ-ի` հսկողության վերցված հանձնարարականներին, քաղաքացիներից ստացված դիմում-բողոքներին տրվել են օրենքից բխող պարզաբանումներ ու պատասխաններ: Հատուկ քննչական ծառայության պաշտոնական կայքէջի «Հետադարձ կապ» բաժնով ստացվել է 74 հարցում, բոլորին էլ սեղմ ժամկետներում տրվել են սպառիչ պարզաբանումներ ու պատասխաններ։