կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-29 01:57
Աշխարհ

Ներգաղթյալների վիճակն ԱՄՆ-ում կարող է փոխվել

Ներգաղթյալների վիճակն ԱՄՆ-ում կարող է փոխվել

Միացյալ Նահանգերում արտառոց երեւույթ է տեղի ունենում` համագործակցում են հանրապետականները եւ դեմոկրատները, այն էլ` հայերի համար բավական մեծ նշանակություն ունեցող հարցի շուրջ: «Ռոյթեր» լրատվական գործակալության հաղորդմամբ` ամերիկացի սենատորների մի խումբ, մասնավորապես` 4 հանրապետական եւ 4 դեմոկրատ, ներգաղթյալների վերաբերյալ համատեղ նախագիծ են ներկայացրել եւ մտադիր են անել ամեն ինչ, որպեսզի այն ներառվի օրենսդրությունում:

 

BBC-ի հաղորդմամբ` Արիզոնա նահանգից հանրապետական սենատոր Ջոն Մըքքեյնը պարզաբանել է, թե ինչ է իրենից ներկայացնում այդ նախագիծը:

 

«Մենք` ամերիկացիներս, բավական երկար ժամանակ է` գոհ ենք այն մարդկանցից, ովքեր հնձում են մեր դաշտերը, մեզ սպասարկում, մեր տները մաքրում կամ երեխաներին խնամում, իսկ մենք նրանց ոչ մի օգուտ չենք տալիս: Մեր երկրի համար եկամտաբեր է, որպեսզի այդ մարդիկ չմնան ստվերում: Եկե'ք ստեղծենք մի համակարգ, որը նրանց առաջ կտանի, կօգնի կատարել իրենց պարտքը հասարակության առջեւ եւ դառնալ այս երկրի օրինական քաղաքացին»,- նշել է նա:

 

Նախագծում նշվում է, որ պետք է քաղաքացիություն ստանալու հնարավորություն ընձեռել ԱՄՆ-ում արդեն բնակվող ապօրինի ներգաղթյալներին, ուժեղացնել հսկողությունը սահմանային կետերում, Գրին քարտ շնորհել բոլոր այն ներգաղթյալներին, որոնք ամերիկյան բարձրագույն կրթություն ստացած և բնական գիտությունների, տեխնիկայի ոլորտների առաջատար մասնագետներ են, ստեղծել մի համակարգ, որը գործատուներին թույլ չի տա աշխատանքի վերցնել ապօրինի ներգաղթյալներին, ինչպես նաեւ գործատուներին թույլ տալ բանվորական, գյուղատնտեսական աշխատանքների համար ներգաղթյալներ վարձել միմիայն այն դեպքում, եթե նրանք կապացուցեն, որ այդ աշխատանքը կատարելու համար չեն կարողանում ԱՄՆ քաղաքացի վարձել։ 

 

Սենատորները հույս ունեն, որ առաջարկը կընդունվի Սենատի կողմից գարնան վերջին կամ ամռան սկզբին: