Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Պաշտոնական քարոզարշավի հենց առաջին օրը` երեկ, գործող նախագահի, նախագահի ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզարշավի լուսաբանման հետ կապված կազմակերպչական խնդիրներ ի հայտ եկան: Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Yerkir.am-ի լրագրողին թույլ չեն տվել մտնել Ավանի մշակույթի տան դահլիճ` չնայած լրագրողը նախօրոք հավատարմագրված է եղել: Պատճառաբանությունն այն էր, որ դահլիճը փոքր է, եւ ոչ բոլոր լրագրողներին են թույլ տալիս մտնել:
Արդեն երեկոյան ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանը հանդես եկավ հայտարարությամբ: Հայցելով լրագրողների ներողամտությունը ստեղծված անհարմարությունների համար` Սարդարյանը վստահեցնում է, որ «քարոզարշավը լուսաբանող բոլոր լրատվամիջոցների համար ապահովելու են հավասար պայմաններ՝ սահմանափակ տարածքներում` ռոտացիոն սկզբունքով, հրապարակային հանդիպումների ժամանակ՝ բոլոր ցանկացողների միաժամանակյա ներկայությունը ապահովելով»:
Yerkir.am-ը Շուշան Սարդարյանից փորձել է պարզել, թե ինչ ասել է ռոտացիոն սկզբունք, այն էլ` քարոզարշավի դեպքում, երբ յուրաքանչյուր լրատվամիջոց ազատ է` լուսաբանելու նյութն ընտրելու հարցում: «Ռոտացիոն սկզբունքն այն է, որ եթե քարոզարշավը սահմանափակ տարածքում է` որեւէ դահլիճում, ապա` ենթադրենք այսօր դուք եք մասնակցել, հաջորդ հանդիպմանը կմասնակցի մեկ ուրիշ լրատվամիջոց: Վստահեցնում եմ` մեզ համար տարբերություն չկա, մենք, բնականաբար, ցանկանում ենք, որ բոլոր լրատվամիջոցներն էլ լուսաբանեն քարոզարշավը»,- նշեց Սարդարյանը եւ ընդգծեց, որ, ի տարբերություն այլ թեկնածուների, Սերժ Սարգսյանն այս դեպքում նաեւ գործող նախագահ է եւ պետք է ըմբռնումով մոտենալ` անվտանգության խնդիրներ կան:
Մեր դիտարկմանը` չե՞ք կարծում, որ այս կերպ սահմանափակվում է լրագրողների ազատությունը, Սարդարյանը չհամաձայնեց եւ վստահեցրեց, որ իրենք աշխատում են հավասար պայմաններ ստեղծել բոլորի համար:
Ի դեպ, Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի մամուլի պատասխանատուն շտապեց նաեւ նշել, որ ցանկացած հանդիպման մասին լրատվությունը տեղադրում են նախագահի նախընտրական կայքում: Հարկ է նշել, որ լրագրողի ներկայությունը եւ ինֆորմացիան, որ տեղադրում է շտաբը, տարբեր բաներ են: