կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-05 18:00
Իրավական

Լրագրողի աշխատանքին խոչընդոտելու գործի նախաքննությունն ավարտվել է

Լրագրողի աշխատանքին խոչընդոտելու գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների արդյունքում հիմնավորվել է, որ քաղաքացի Մարիամ Ավագյանը  դիտավորյալ գործողություններով խոչընդոտել է ընտրական գործընթացները լուսաբանող «Araratnews.am» կայքի լրագրող Շողիկ Գալստյանի լիազորությունների իրականացմանը ու դիտավորությամբ պատճառել զգալի չափերի գույքային վնաս:

Մասնավորապես՝ քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Մարիամ Ավագյանը Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության օրը (02.10.2016թ.)՝ ժամը 13:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի թիվ 30/47 տեղամասում, նկատելով ընտրական սենյակում և տեղամասում իր գործողությունները բջջային հեռախոսով տեսաձայնագրող` ընտրական գործընթացները լուսաբանող զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ հանդիսացող լրագրող Շողիկ Գալստյանին, նպատակ ունենալով ոչնչացնել վերջինիս բջջային հեռախոսով կատարված ձայնագրառումները, տեղամասի մուտքի դիմաց մոտեցել է իր մասնագիտական գործառույթներն իրականացնող Շ. Գալստյանին և վերջինիս ձեռքից խլել «Սամսունգ» ապրանքանիշի բջջային հեռախոսը: Մ. Ավագյանը դիտավորությամբ հեռախոսը հարվածել է գետնին և վնասել այն, ինչի արդյունքում հեռախոսը, որպես ընտրական գործընթացը լուսաբանող լրագրողական գործիք, կորցրել է իր նպատակային նշանակությունը, իսկ լրագրողին դիտավորությամբ պատճառվել է 200.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Հիշյալ հանցագործությունները կատարելու համար Մարիամ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: