Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական քարոզարշավը մեկնարկեց Արամ Խաչատրյանի արձանի մոտից: Թեկնածուին սատարելու էին եկել կամավորներ հանրապետության տարբեր մարզերից և Երևանի վարչական շրջաններից:
Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթում ասաց, որ իրենք իշխելու համար չեն եկել, այլ ծառայելու ,և որ դա շոշափելի արդյունքների է բերելու:
«Ճարպը հանելով պետական բյուջեից` մեկ տարի անց, ժողովրդի մասնակացությամբ, մենք 50%-ով կավելացնենք կենսաթոշակները, գյուղը կդառնա հարուստ: Պետական հետևողական աշխատանքներով 5 տարվա ընթացքում ունենալու ենք նոր Սահմանադրություն: 600 հազար քաղաքացի վերջապես դուրս կգա աղքատության ճիրաններից, կստեղծվեն 180 հազար նոր աշխատատեղեր, կվերացվի արտագաղթը, համայն աշխարհից հարյուր հազարավոր հայեր կվերադառնան ազատ և արդար Հայաստան»,- մասնավորապես` նշեց Հովհաննիսյանը` միաժամանակ հույս հայտնելով, որ ժողովրդի մոտ կվերանա համատարած վախի մթնոլորտը, և նրանք չեն խուսափի հանրահավաքների գնալ:
Թեկնածուն կոչ արեց երկրի նախագահին` չդիմել կեղծիքների: «Ես կոչ եմ անում իմ գլխավոր մրցակից Սերժ Սարգսյանին` մեր պետական կառույցները չօգտագործել մեր քաղաքացիների իրավունքները ոտնահարելու համար: Եթե նման բան նկատեմ` կպայքարեմ դրանց դեմ` ընդհուպ մինչև միջազգային ատյաններում»,- ասաց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց նաև, որ անպայման այցելելու է նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին` նրան հորդորելու, որ հրաժարվի հացադուլից, քանի որ իր փորձից գիտի, որ, սեփական առողջությունը վնասելով, ոչնչի չի հասնի:
Yerkir.am-ի հետ զրույցում հավաքված քաղաքացիներից մեկը նշեց, որ երեկ է որոշել սատարել Հովհաննիսյանին, ավելին` նրան տեսել է երազում և հավատում է Րաֆֆիի կառուցած Հայաստանին: Սակայն, երբ խնդրեցինք նույնը կրկնել տեսախցիկի առաջ, լռեց:
Շատերն էին խուսափում մեկնաբանություն տալ: Մեզ հետ զրույցում մի երիտասարդ պատասխանեց, որ ինքը չի վախենում բարձրաձայնել, որ Րաֆֆիին է ընտրելու, իսկ մյուս քաղաքացիների վախը բացատրեց իշխող վարչակարգի քաղաքականությամբ. «Մարդիկ վախենում են գալ հանրահավաքների, քանի որ կարծում են, որ այս ամենը նկարահանվում է, և դրա հետևանքով հնարավոր է` աշխատանքից զրկվեն: Սակայն կարծում եմ, որ ընտրության օրը քվեախցում իրենց խղճի առջև ոչ ոք չի լինի և կկարողանան ճիշտ ընտրություն անել»: