Փոխարժեքներ
02 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 420.51 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 499.95 |
GEL | ⚊ | ₾ 141.88 |
2011 ցուցանիշներն 2012 թվականին դրական արդյունք են ապահովել անձնակազմի կարգապահության ամրապնդման գործում, որի արդյունքում նվազել են հանցագործությունների եւ իրավախախտումների թիվը, վերացել են անպատժելիության մասին թյուրըմբռնումները. լրագրողներին այսօր ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նախարարը նշեց, որ այդ ջանքերն արդյունք են տվել հատկապես վաշտ-մարտկոց օղակներում, որոնք մեր բանակի մարտական ուժի կորիզն են:
Նախարարն ասաց, որ բարձրացել է զինծառայողների անհատական պատրաստության մակարդակը, հատկապես` լուրջ առաջընթաց ունենք ստորաբաժանումների ներդաշնակման գործընթացում: Եվ այդ գործընթացներն իրականացվել են ոչ միայն զորավարժարաններում` զորավարժությունների եւ այլ վարժանքների ընթացքում, այլեւ անմիջապես մարտական խնդիրների իրականացման գոտիներում` մեր սահմաններում, ուր մարտական հերթապահություն է իրականացվում:
Ընդլայնվել է ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը մեր հիմնական բարեկամներ հանդիսացող եւ ռազմաքաղաքական դաշնակից ՌԴ-ի, գործընկեր ԱՄՆ-ի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության եւ Եվրոպայի ու եվրասիական տարբեր պետությունների հետ: Ներկրված ու նաեւ մեր հայրենական արտադրության սպառազինությունն ու ռազմական տեխնիկան նախապատրաստվել են ռազմական կիրառման: Այն հաջողությամբ կիրառվել է նաեւ զորավարժությունների ընթացքում, որոնցում, Սեյրան Օհանյանի հավաստմամբ, հաջողվել է հակառակորդին խոցել իր ողջ տարածքի խորությամբ: Ընդ որում` նաեւ հաշվի առնելով մեր ճշգրիտ զենքերի առկայությունը` հնարավորություն է ստեղծվել խոցել առավել կարեւոր ռազմավարական նշանակության օբյեկտներ` զերծ մնալով խաղաղ բնակչության վրա ներգործությունից:
«2012 թվականին, չնայած սահմանային միջադեպերին ու հակառակորդի արկածախնդիր սադրանքներին, առաջնային գծում անձնակազմի կողմից լիովին կատարվել են մարտական խնդիրները` նվազագույն կորուստներով կանխելով դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցումը, միաժամանակ նաեւ հակառակորդին պատճառելով էական վնասներ, ընդ որում` անհամաչափ»,- նշեց Սեյրան Օհանյանը:
Նրա դիտարկմամբ` մեծ առաջընթաց է արձանագրվել ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման, սպառազինության եւ մարտական տեխնիկայի արդիականացման եւ ռազմական կրթության համակարգերում: Բանակում կատարված լուրջ քայլերից մեկն էլ այն է, որ զինվորական ծառայության անցնելու մասին օրենքում կատարվել են փոփոխություններ եւ լրացումներ` շարքային կազմից տարանջատվել են սերժանտական կազմը եւ մտցվել ենթասպայական կազմը` որպես կրտսեր ենթասպայական կազմ: Սա ուղղված է հիշյալ օղակի հրամանատարության դերի եւ աշխատանքների արդյունավետության բարձրացման արդյունավետությանը:
Պաշտպանության նախարարը հայտնեց, որ 2012 թվականին շուրջ 700 սպաներ են համալրել բանակի շարքերը, եւ պահեստազոր է արձակվել կամ այլ պաշտոնների տեղափոխվել 329 սպա, եւ նրանց մեջ զգալի թիվ են կազմում բարձրաստիճան սպաները` 7 գեներալ եւ 35 գնդապետ: Ընդհանուր վիճակագրությունը ներառում է նաեւ նրանց, ովքեր առանձնացել են իրենց անբարեխիղճ ծառայությամբ եւ հեռացվել համակարգից: «Զրոյական հանդուրժողականություն ենք ցուցաբերելու բոլոր նրանց նկատմամբ, ովքեր անհետեւողական եւ անսկզբունքային լինելու պատճառով բանակի հեղինակությունն ընկնում է մեր ժողովրդի աչքում»,- շեշտեց նախարարը:
Սեյրան Օհանյանը կարեւորեց առանց վտանգավոր ցատկերի, փոքրիկ քայլերի արվեստը յուրացնելով առաջ քայլելը, հանրության հետ միասին վերարժեւորելով բանակի կայացման փորձը: Իսկ 2013 թվականին երեք սկզբունք են որդեգրվելու ՊՆ գործունեության մեջ` «լինել ազնիվ սեփական անձի եւ շրջապատի նկատմամբ, բանակի եւ հասարակության հետ լինել նպատակասլաց եւ միշտ նայել դեպի առաջ, միշտ նոր գաղափարներ ունենալ մեր զինված ուժերի զարգացումն ապահովելու համար»: