կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-17 22:31
Իրավական

Գլխավոր ոստիկանապետի թիկնազորը ծեծկռտուք է կազմակերպել ՀԱԹ-ում

Գլխավոր ոստիկանապետի  թիկնազորը ծեծկռտուք է կազմակերպել ՀԱԹ-ում

Նախորդ գիշեր Հարավարեւմտյան Բ-2 թաղամասի Բաբաջանյան 89-97 շենքերի բակում ծեծկռտուք է տեղի ունեցել տեղի մի քանի բնակիչների եւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի անդամների միջեւ: Այս մասին iLur.am-ին պատմել է շենքի բնակիչներից մեկը: Ըստ նրա` դեպքը տեղի է ունեցել կեսգիշերն անց` ժամը 1-ի սահմանում:

 

Ըստ բնակչի` կռվի պատճառը եղել է ավտոմեքենայի կայանման հարցը: «Տեղի տղաներն» առաջարկել են «եկվորներին» ավտոմեքենան մեկ այլ տեղում կայանել, քանի որ այդ տեղում սովորաբար իրենց մեքենան է կանգնում: Լեզվակռիվը վերաճել է ձեռնամարտի, ընդ որում` «եկվորները» հայտարարել են, որ «իրենք Գասպարյան Վովայի թիկնապահներն են»:

 

Դեպքի վայր ժամանած ոստիկանները կռվին չեն միջամտել` հասկանալով, թե ովքեր են ծեծկռտուքի մասնակիցները: Ինչպես պատմել է ականատեսը, կռիվը շատ դաժան ընթացք է ստացել, եւ  ոստիկաններից երկուսը, որոնք հավանաբար միջամտել էին կռվին, նույնպես «լավ ծեծ են կերել»

 

 Առավոտյան բնակիչները տեղեկացել են, որ տուժած ոստիկաններին վերադասը հրահանգել է բժշկի չդիմել:

 

«Ողջ օրվա ընթացքում ոչ մի ոստիկան չեկավ, որեւէ հարցաքննություն տեղի չունեցավ` չնայած, որ բակի ժողովրդի խոսակցության թեման գիշերվա միջադեպն էր»,- եզրափակել է ilur.am-ի զրուցակիցը: