|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հունվարի 15-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անցկացրել է «Համապարփակ մոտեցում ահաբեկչության դեմ պայքարում» խորագրով քննարկում, որի մասնակցել են մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը եւ շուրջ հինգ տասնյակ անդամ պետությունների ներկայացուցիչներ:
ՀՀ ԱԳՆ-ից Yerkir.am-ին տեղեկացնում են, որ ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը նշել է, որ ահաբեկչության սպառնալիքի չափը ու դրա ազդեցությունը ենթադրում է հակաահաբեկչության եւ անդրսահմանային հանցագործություններով զբաղվող ՄԱԿ-ի գործակալությունների եւ միջկառավարական այլ կառույցների համադրված գործողություններն ու կարեւորել այդ բնագավառում ՀԱՊԿ-ի, Եվրամիության, Եվրոպայի խորհրդի եւ ՆԱՏՕ-ի հետ ծավալած համատեղ ծրագրերն ու համագործակցությունը:
Կարեն Նազարյանը հավելել է, որ այդ բնագավառում համագործակցության վրա բացասաբար է ազդում Հայաստանի երկու հարեւանների հետ սահմանների փակ լինելու հանգամանքը, ինչպես նաեւ չկարգավորված հակամարտության պատրվակով զենքերի ու զինամթերքի հսկայական կուտակումների պրակտիկան:
Դեսպանը անթույլատրելի է համարել ահաբեկչության համեմատումը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման համար մղվող պայքարի հետ ու դատապարտել այդ իրավունքը ճնշելու համար պետական իշխանության, ինչպես նաեւ վարձկանների ու ահաբեկչական խմբավորումների օգտագործումը:
Իր ելույթի մեկ այլ բաժնում Կարեն Նազարյանը նաեւ անդրադարձել է մեր անմիջական հարեւանությամբ պետական մակարդակով ատելության քարոզմանը, որը կարող է սնուցել ահաբեկչության հանցագործությանը, եւ կոչ արել հրաժարվել այդ վարվելակերպից ու փոխարինել այն հանդուրժողականությամբ ու երկխոսությամբ: