Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի գարեջրի գործարանի նախկին բեռնակիր, անմեղսունակ Հովհաննես Պարուրյանին մեղադրանք է առաջադրվել նույն գործարանի աշխատակից Լ.Ահարոնյանի գլխին մուրճով մեկ անգամ հարվածելու համար:
Նախաքննությամբ պարզվել է, որ քրեական օրենքով արգելված արարք կատարած` անմեղսունակ Հովհաննես Պարուրյանը 2003-ին բանակից զորացրվելուց հետո ունեցել է հոգեկան անհավասարակշիռ շեղումներ է, մասնավորապես` գիշերները ջղաձգվել են դեմքի մկանները, ցանկացել է արթնանալ, սակայն չի կարողացել, հաճախ է երազում տեսել իրեն հետապնդող չարքերի, տեսել է մահացած մորն, ով անընդհատ հետապնդել է իրեն: Հովհաննեսն, աշխատելով Երևանի գարեջրի գործարանում, իր հոգեկան ապրումների մասին հաճախակի պատմել է գործարանի աշխատողներին, ովքեր, տեղյակ լինելով և նկատելով Պարուրյանի հոգեկան վիճակը, հիմնականում չեն շփվել նրա հետ:
Հովհաննեսը կարծել է, թե որոշ աշխատողներ ծաղրել են իր հոգեկան ապրումները: Մասնավորապես` գործարանում` որպես փորձարկող աշխատող Ահարոնյանը այլ աշխատողների մոտ բազմիցս ծաղրել է և խոսել իր մասին: Պարուրյանը նրան նախազգուշացրել է, որ իր մասին ուրիշների մոտ ծաղրանքով չխոսի, սակայն վերջինս չի ընդունել դա` ասելով, որ ինքը չի ծաղրել:
Դեպքի օրը` անցյալ տարվա հունվարին, Պարուրյանը հանդերձարանում լսել է, թե ինչպես է Ահարոնյանը մեկ այլ աշխատողի ասել, թե ինչպես է իբրև ինքը ականջ դրել նրանց խոսակցությանը։ Այդ օրը Պարուրյանը շատ է բարկացել և որոշել է այլևս չաշխատել այդտեղ։ Փոխելով հագուստը՝ ցանկացել է հեռանալ աշխատավայրից, սակայն Ահարոնյանի հանդեպ ունեցած բարկությունն իրեն հանգիստ չի տվել ու ցանկացել է հեռանալուց առաջ ինչ-որ կերպ պատժել վերջինիս։ Տարածքում մի մուրճ գտնելով` փնտրել և գործարանի հյութերի արտադրամասի տարածքում գտել է Ահարոնյանին ու, առանց որևէ բառ ասելու, մեկ անգամ մուրճով հարվածել է Ահարոնյանի գլխին՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող, որից հետո հեռացել է գործարանի տարածքից։ Ահարոնյանը, տեսնելով մուրճով իրեն մոտեցող բանվորին, փորձել է պաշտպանվել, սակայն չի հասցրել, ուշագնաց է եղել:
Նախաքննությամբ պարզվել է, որ Պարուրյանը ծառայության ժամանակ բուժում է ստացել ՊՆ Երևանի կայազոր զինվորական հոսպիտալում: Սուր փսիխոզ ախտորոշմամբ Պարուրյանը զորացրումից 2 ամիս առաջ ազատվել է ծառայությունից: Դատահոգեբուժական եզրակացության համաձայն` նա տառապում շիզոֆրենիա հոգեկան հիվանդությամբ, հանցանքը կատարելու պահին չի գիտակցել արարքի ծանրությունը: Ըստ այդմ` որոշվել է նրան մեղսունակ ճանաչել:
Մալաթիա-Սեբաստիա ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` Պարուրյանը տեղափոխվել է Նուբարաշենի բժշկական կլինիկայի հատուկ տիպի բաժանմունք:
Դատաքննության ընթացքում գործարանի աշխատակից վկաները պնդում էին, որ երբևէ չեն լսել Հովհաննեսի հոգեկան խնդիրների մասին, չեն ծաղրել նրան: Իսկ փորձարկողի հետ ունեցած տարաձայնությունների մասին լսել են խոսակցություններից:Իսկ տուժողը պնդում է, որ որևէ հակակրանք չի տածել ամբաստանյալի նկատմամբ, նրան երբևէ չի ծաղրել:
Այսօրվա նիստում մեղադրող դատախազը և պաշտպանը միջնորդեցին դատարանին ազատել Պարուրյանին քրեական պատասխանատվությունից և հարկադիր բուժման ուղարկել հատուկ հոգեբուժարան: Միջնորդության դեմ ոչ ոք չառարկեց, թեև նիստերի դահլիճից դուրս խոսակցություններում տուժողի եղբայրն ու ընկերներն ասում էին, որ նա հասարակության համար վտանգավոր է և հնարավոր է` հոգեբուժարանից դուրս գալուց հետո մեկ ուրիշին էլ վնասի: Տուժող կողմը նաև վիրավորված էր մեղադրյալի հարազատներից, ովքեր ոչ մի անգամ չեն հետաքրքրվել 2 վիրահատություն տարած Ահարոնյանի առողջական վիճակով:
Ինչևէ, դատարանը վճռեց Պարուրյանին հարկադիր բուժման ենթարկել: Գիշերային մղձավանջներից տառապող և մահացած մոր հիշողություններով ապրող տղան այսուհետ կանցկացնի հոգեբուժարանում: Իսկ թե ով էր ծաղրել տղային և ինչու, այդպես էլ մնաց անհայտ. տղան այդ մասին չի ցանկանում այլևս խոսել:
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ