կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-08 14:54
Աշխարհ

Սիրիայում առեւանգված երեք հայեր ազատ են արձակվել

Սիրիայում առեւանգված երեք հայեր ազատ են արձակվել

Սիրիայում` Թուրքիայի սահմանի մոտակայքում գտնվող Ռակկայի ճանապարհին, շուրջ երկու շաբաթ առաջ առեւանգված երեք հայերն ազատ են արձակվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ նրանք ողջ-առողջ վերադարձել են տուն: Ինչ վերաբերում է 2012թ.-ի հոկտեմբերի վերջին Բեյրութից Հալեպ տանող ճանապարհին առեւանգված հայերին, ապա նրանց վերաբերյալ դեռեւս տեղեկություններ չկան:

 

Ռեյիսյանը նաեւ տեղեկացրել է, որ Հալեպում, ընդհանուր առմամբ, տոն օրերին միջադեպեր տեղի չեն ունեցել, իրավիճակն ավելի հանգիստ է եղել: Տոնական տրամադրություն չի եղել որեւէ ընտանիքում, միայն տեղի է ունեցել եկեղեցական արարողություն: Հանդարտ իրավիճակը շարունակվում է նաեւ հունվարի 8-ին, թեեւ համացանց չկա, եւ հեռախոսակապն անկանոն է գործում, եղանակն անձրեւային է, էլեկտրականությունն օրվա ընթացքում մեկ-երկու ժամ է լինում, իսկ կեսօրից հետո քաղաքն ընկղմվում է ամայության եւ խավարի մեջ:

 

Թեպետ Հալեպում մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել, այնուամենայնիվ, մամուլի քարտուղարի խոսքով, լարված եւ անորոշ իրավիճակը շարունակվում է: Դրան զուգահեռ մարդիկ դրական փոփոխությունների հույս ունեն: Սիրիայում շուրջ 22 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է մոտավորապես 40 հազար մարդ, այդ թվում` չորս տասնյակից ավելի հայեր: