կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-31 18:49
Առանց Կատեգորիա

Ընտրությունը խեղկատակության մի վերածեք

Ընտրությունը խեղկատակության մի վերածեք

Նախագահի թեկնածւների առաջադրման ժամկետի կեսն անցել է, եւ մենք արդեն 14 թեկնածու ունենք (նյութը գրելու ընթացքում 13 էին, մինչեւ ավարտեցի, իմացա, որ Ռոբերտ Ահարոնյանն էլ է առաջադրվել):

 

Այս ընտրությունները սպառնում են դառնալ խեղկատակություն, երբ ուսումնասիրում ես թեկնածուների ցանկը, մասնագիտություններն ու առաջադրման նպատակները: Բացի 2-3 անձանցից, մնացածին մեր կովերին նախրապանություն անել անգամ չէի վստահի:

 

Տպավորություն է, որ ով ունի 8 միլիոն դրամ, առաջադրվում է նախագահի թեկնածու, թեեւ նրանց մեծ մասն այդ գումարը չունի, եւ միակ հույսը կրկին տանջված ու կեղեքված ժողովուրդն է: Ընդունելի չէ, երբ ուզում ես սեփական խնդիրները կարգավորել ու դիմում ես ժողովրդին, այն դեպքում, երբ ժողովրդի 99.99 տոկոսը քո մասին լսում է  առաջին անգամ: Դա մուրացկանություն է: Իսկ ի՞նչ ես անելու, երբ վերջին պահին հանկարծ որոշես հետ վերցնել թեկնածությունդ, ո՞նց ես վերադարձնելու գումարը ժողովրդին:

 

Երբեք լուրջ չես կարող ընդունել նախագահի թեկնածուին, ով նախընտրական գրավ է ուզում մյուս թեկնածուից' խոստանալով նրան հաղթել: Իհարկե, Ռոբերտ Ահարոնյանը ամեն պահի կարող է մեզ համոզել, որ բոլոր շանսերն ուներ հաղթելու, բայց իրեն հնարավորություն չտրվեց: Սակայն միայն 8 միլիոն դրամ ունենալը դեռ շանս չէ: Թեկնածուներ կան, որ ասում են, թե քարոզչություն չենք անելու, այլ միայն մամուլի վրա են հույս դրել եւ այն բանի, որ իրենց ելույթի բոցը կմտնի գյուղացիների սրտերը եւ նրանցից կծնվի մեծ քարոզիչ:

 

Սա լավ միջոց է էկրաններին երեւալու համար, մարդիկ կարող են առաջադրվել, մի քիչ քարոզչություն անել ու ճողոպրել պայքարից. էլի ռեյտինգ կունենան:

 

Իհարկե, մեր պետության մեջ կան բազում անելիքներ, այնքան շատ, որ դրանց թվարկելուց ու բողոքելուց կկազմվեն իշխանություններին ուղղված հայհոյանքի տասնայակ հատորներ: Սակայն ընտրությունները պետք չէ վերածել խեղկատակության. մարդիկ, որ չգիտեն' միկրոֆոնը բերանին, թե ականջին մոտ տանելու գործիք է, ձեռնոց են նետել նախագահին: 5 տարի երկիրը կառավարած, դրանից առաջ բազմաթիվ պաշտոններ ունեցած Սերժ Սարգսյանին ձեռնոց է նետել կարատեիստը, էպոսագետն ու չգիտես, թե ով: Մեկը վարչական լծակների վրա է հույս դրել, մյուսը' «բոքսելու»:

 

Եթե հաղթի Սերժ Սարգսյանը, երկիրը կշարունակի գնալ նույն կործանարար ուղով, եթե հաղթի Հրանտ Բագրատյանը... Ախր նրա պաշտոնավարման ընթացքում միայն հիշում ենք որձ կովերի մասնագետ լինելը: Պարույր Հայրիկյանը, Արման Մելիքյանը, Արամ Հարությունյանը մշտական թեկնածուներից են, որոնց կարիերայի գագաթնակետը կարող է լինել այս ընտրությունները, եթե, իհարկե, հաջողեն գոնե մեկ տոկոս ձան հավաքել: Էպոսագետ Վարդան Սեդրակյանը կփորձի փոքր Մհերին հանել քարանձավից: Բազմաթիվ մարդիկ ձայն կտան «Հայաստանի մարտական կարատե կուբուդոյի» ազգային ֆեդերացիայի նախագահ Տարոն Աբրահամյանին, եթե նախընտրական ծրագրում ներառի դրույթ մենաշնորհները, օլիգարխիան, կոռուպցիան, ամենաթողությունը «սամասուդով» վերացնելու վերաբերյալ: Նախարարներին ոչ թե հանձնարարականներ տա, այլ ռեժիմով ծեծ: Այլ կերպ նրանք չեն աշխատի:

 

Պետք է արժանին մատուցել ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությանը, որ երբեմն մշտական բնակության տեղեկանք չի տալիս, այլապես քվեաթերթիկի փոխարեն մի տրցակ կտրամադրվեր ընտրողներին:

 

Բայց սա դեռ վերջը չէ: Ինչպես արդեն ասացինք, առաջադրման ժամանակի ընդամենը կեսն է անցել, իսկ առջեւում Նոր տարի է: Մենք ուտել-խմել, գլուխ գովել սիրող ազգ ենք, ուրեմն Ամանորին քանի հոգի խմած-հարբած վիճակում կորոշեն նախագահ դառնալ ու «կատարը տաքացրած»' գրազ կգան ու անմիջապես կվազեն ԿԸՀ: Մեկ է' վերջինս աշխատում է առանց հանգստի: Իսկ խոպանից եկողներից որոշները հաստատ 8 միլիոն դրամ կունենան:

 

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ