կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-26 10:28
Հասարակություն

Օգնեմ-չօգնեմ` անձնագիրդ տուր

Օգնեմ-չօգնեմ` անձնագիրդ տուր

Այս օրերին Երևանում բնակվող կենսաթոշակառուներին ավետում են, որ քաղաքապետարանից կարող են պարենային ապրանքներ ստանալ՝ որպես օգնություն. գրում է «Հայկական ժամանակ»-ը: Թերթի տեղեկացմամբ` դրա համար պահանջվում է նաև անձնագրի պատճենը:

 

Բազմաթիվ կենսաթոշակառուների մոտ տպավորություն է ստեղծվել, որ այդ օգնությունն ու անձնագրի պատճենը պահանջելն ուղղակի կապ ունեն գալիք նախագահական ընտրությունների հետ: Ավելին, սոցիալական ծառայությունների աշխատակիցները, նրանց տեղեկացնելով բաժանվող օգնության մասին, հաճախ զգուշորեն խոսք են բացում նաև ընտրություններից, հարցնում՝ ում օգտին եք պատրաստվում քվեարկել:

 

Երևանի քաղաքապետարանից «ՀԺ»-ն հետաքրքրվել է՝ ինչ օգնություն է տրվում տարեցներին: Տեղեկատվության վարչությունից փոխանցել են, որ սոցփաթեթներ են տրամադրվում սոցիալապես անապահովներին: Այդ օգնությունը նախատեսված է հաշվառված 21 հազար ծերերի համար՝ Երևանի վարչական շրջաններում: Հարցին, թե ինչ նպատակով են պահանջվում անձնագրի պատճենները, քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունից պատասխանեցին, որ դա հասցեականությունն ապահովելու և քաղաքապետարանին հաշվետվություն տալու համար է, քանի որ օգնությունը բաժանվում է Երևանի վարչական շրջաններում՝ թաղապետարանում:

 

Ի դեպ, նշում է թերթը, որ Կենտրոն վարչական շրջանի սոցիալական վարչությունում օրերս պատրաստակամություն էին հայտնում ընդունել բոլոր ցանկացողների փաստաթղթերը՝ միևնույն ժամանակ հայտարարելով, որ հայտատուների տվյալները համադրելու են իրենց ունեցած բազայի հետ, և եթե պարզվի, որ դիմողներն անապահով չեն, օգնություն չեն ստանա:

 

«ՀԺ» այս դիտարկմանը քաղաքապետարանի լրատվական ծառայությունից արձագանքել են, որ նման բան իրենց հայտնի չէ: Նաև ասել են, որ 41 հազար երեխայի Ամանորի նվերներ են բաժանվելու: Նման ակցիաներ եղել են նաև անցած տարի: Անցյալ տարի, սակայն, գրում է թերթը, սոցփաթեթներն այսպես համատարած չեն եղել: