կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-20 12:27
Քաղաքական

Օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի գալիս, որովհետեւ ՀՀԿ-ի ծրագիրը կա

Օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի գալիս, որովհետեւ ՀՀԿ-ի ծրագիրը կա

«Իհարկե, խորհրդարանում պետք է նաեւ ավելի շատ խոսել, երեւալ, դա երեւի իմ թերության մի մասն է, բայց ինչպես ասում է ժողովրդական խոսքը` խոսելը արծաթ է, լռելը` ոսկի: Ավելի լավ է բուն աշխատանքով զբաղվենք, քան փորձենք հրապարակային, ինչ- որ լրացուցիչ երեւալ»,- ԱԺ-ում մի քանի լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց Սյունիքի թիվ 38 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Վահե Հակոբյանը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին, ի պատասխան Yerkir.am-ի այն հարցին, թե ինչո՞ւ է այդքան պասիվ ԱԺ նստաշրջանին:

 

Թեեւ ՀՀԿ-ական պատգամավորը վստահեցնում է, որ եթե լռում է, դա չի նշանակում, որ գործ չի անում, բայց հաջորդ հարցերի պատասխանները պատգամավորի նախաբանին, կարծես, հակասում են: ՀՀԿ-ական պատգամավորը, ի պատասխան հարցին, թե քանի՞ օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, շտապեց հայտարարել, որ կարծիք է հայտնում այն բոլոր օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ, որոնք գալիս են կառավարությունից եւ քննարկվում են ԱԺ Տնտեսական հանձնաժողովում, սակայն կոնկրետ որեւէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի եկել:

 

Իսկ թե ինչո՞ւ հանդես չի եկել, պատճառաբանությունը սենսացիոն էր. «Քաղաքական դաշտը եւ ընդհանրապես պառլամենտը թիմային հասկացություն է, ֆուտբուլին շատ է նման: Մեր կուսակցությունն ունի ծրագիրը, որը հենց այնպես չի կազմվել, եւ այն բոլոր հիմնախնդիրները, որոնք Սյունիքի տարածաշրջանում հուզում են, ընդգրկված են ՀՀԿ-ի ծրագրում, եւ մենք հետեւողականորեն կարողանում ենք հետեւել, որ այդ ծրագիրն իրականացվի, եւ եթե որոշակի դիտողություններ լինում են, անում ենք»:

 

Դիտարկմանը, թե ստացվում է, որ եթե ՀՀԿ-ի ծրագիրը կա, մեծամասնականով ընտրված պատգամավորի այլեւս ինչին է պետք օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը, Վահե Հակոբյանն արձագանքեց. «Երբ որ առաջանա այդ բացը, անհրաժեշտությունը, պատրաստ ենք լրացնել»: