կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-17 13:24
Մշակույթ

2012-ի լավագույն միջոցառումը

2012-ի լավագույն միջոցառումը

Երեկ Արամ Խաչատրյան համերգասրահում ֆրանսիահայ հռչակավոր երաժիշտ, ջազմեն Անդրե Մանուկյանի համերգն էր: Համերգին հնչեցին Մանուկյանի գրած ստեղծագործությունները` դաշնամուրի, սաքսոֆոնի և դուդուկի ուղեկցությամբ: Համերգին մասնակցում էր նաև հայազգի երաժիշտ Նորայր Քարտաշյանը:

 

Համերգի վերջում հանդիսատեսներից շատերն իրենց գոհունակությունը հայտնելու համար ցանկանում էին անձամբ մոտենալ Անդրե Մանուկյանին:

 

yerkir.am-ի հետ զրույցում ամերիկահայ Արիկ Վիրաբյանը նշեց, որ Մանուկյանի ելույթները շատ էր լսել տարբեր երկրներում, սակայն Հայաստանում մի տեսակ խիստ հայկական հնչողությամբ էին ելնում նոտաները.«Բեմի զորությունից է գալիս, վստահ եմ: Հայը միշտ էլ հայ է մնում` անկախ նրանից, թե որ երկրում է ապրում: Բնականաբար, անգամ Մոցարտ կատարելիս դու քո զգացողություններն ես դնում երաժշտության մեջ, իսկ զգացողությունները գալիս են արմատներիցդ»:

 

73-ամյա Վազգեն Դավթյանն էլ, ով, ինչպես նշեց, այս տարի առաջին անգամ էր տնից դուրս գալիս /հենաշարժական խնդիրներ ունի/ եւ համերգասրահ մուտք էր գործել բավական դժվարությամբ:

 

«Սկզբում զայրացել էի. ամֆիթատրոնի տոմս էի գնել եւ չէի իմացել, որ համերգասրահը հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար. անգամ որոշել էի բողոքել: Բայց Մանուկյանի ելույթից հետո զայրույթի մի գրամ էլ չի մնացել: Հիանալի կատարումներ էին, հաջողված ստեղծագործություններ. ամբողջ ներսս մաքերցին»,-ասաց Դավթյանը:

 

Ի դեպ, հանդիսատեսի շարքերում մեծ թիվ էին կազմում նաեւ երիտասարդները. 23-ամյա Լինա Կիրակոսյանը նշեց, որ համերգն իր համար 2012-ի լավագույն միջոցառումն էր.«Սա ինձ համար հիանալի երաժշտական տարվա ամփոփում ստացվեց: Տարբեր գործիքների համադրումը ֆանտաստիկ էր ստացվել»: