կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-04 14:01
Հասարակություն

Սոֆի Դեւոյանի ձեղնահարկը հարեւաններին զրկում է արեւի լույսից

Սոֆի Դեւոյանի ձեղնահարկը հարեւաններին զրկում է արեւի լույսից

«Խայտառակություն Երևանի կենտրոնում. Սոֆի Դևոյանի և պարսկահայերի տան ապագա «մանսարդը» զրկելու է հարևան տները արևից». երկարաշունչ վերնագրով այս նամակը խմբագրություն են ուղարկել Բաղրամյան և Պռոշյան փողոցների մի խումբ բնակիչներ:

 

Ամբողջական տեքստը ներկայացնում ենք ստորեւ.

 

«Բաղրամյան փողոցի 21ա հասցեում կառուցվող շենքը դեռևս 2009 թվականին մեծ աղմուկի առիթ դարձավ, քանի որ, սեպի նման խրվելով փոքր սեփական տների մեջ, ամբողջովին փակում էր նրանց լույսը: Պարզվել է, որ նախկին Երքաղխորհրդի նվագախմբի շենքի տարածքը (292.0 քմ հողամասը) Երևանի քաղաքապետի` 19.03.2001թ. թիվ 243 որոշմամբ տրամադրվել է «Սոֆի Դևոյանի պարի և հոգու թատրոն» ՊՓԲ ընկերությանը:

 

Այնուհետև, անհասկանալի ձևով, 2004թ. նշված հողամասը առուվաճառքի պայմանագրով ձեռք է բերվել Արա Սուքիասյանս Սալմասի կողմից (ըստ նոր սեփականատիրոջ բառերի` մեկ հարկ Սոֆի Դևոյանին տրամադրելու պայմանով): Արա Սուքիասյանս Սալմասի կողմից տրված հայտի հիման վրա 09.09.2008թ. տրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք: Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի «Արտագերատեսչական փորձաքննություն» ՊՓԲԸ կողմից տրված դրական եզրակացությունը` մշակված բնակելի տան նախագիծը 19.02.2009թ. համաձայնեցվել է Երևանի քաղաքապետարանի կողմից և 27.02.2009թ. տրվել շինարարության թույլտվություն, որում շինարարական աշխատանքներն իրականացնելու վերջնաժամկետ է սահմանված 24 ամիսը (ավարտվել է այս տարվա փետրվարի 27-ին):

 

Կառուցվող շենքը նախագծված է շինարարական նորմերին հակառակ` շենքի և կողքի առանձնատների միջև չի պահպանվում սպասարկման համար անհրաժեշտ տարածությունը, ստորգետնյա ավտոկայանի համար փորված հսկայական փոսը լուրջ վտանգ է ներկայացնում կողքի տան հիմքի կայունության համար, առանց հարևան բնակիչների համաձայնության տեղափոխվել են գազի խողովակներն ու էլեկտրականության լարերը, և, ամենակարևորը, կառուցվող շենքի պատճառով հարևան տները այլևս չի թափանցում արևը:

 

Հարևանների կողմից բարձրացված աղմուկից հետո Արա Սուքիասյանս Սալմասին պարտադրվեց կանգնեցնել առավելագույնը 3 հարկանի շենք, որի կառուցումը ավարտվեց մեկ տարի առաջ: Սակայն երեկ առավոտից շենքում կրկին բուռն շինարարություն է սկսվել. «մանսարդ» են կառուցում` փաստացի ևս մի հարկ: Շենքի սեփականատիրոջ որդի` Արեգը հարևան բնակիչների հետ զրույցում անընդհատ հղում է կատարում քաղաքապետարանի կողմից տրված թույլտվությանը: Այնուհետև, համոզվելով, որ հարևանների տուն այլևս արև չի մտնի, ավելացնում է. «դե ի՞նչ արած, հո մենք տակ չենք տալու»:

 

Շենքի հարևանությամբ ապրող բնակիչները պահանջում են քաղաքապետարանից շտապ կասեցնել այդ խայտառակ շինարարությունը և վերանայել տրված թույլտվությունը: Խնդրում ենք լրագրողներին ևս հետևողական լինել այս հարցում»: