կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-29 18:35
Հասարակություն

Ամերիկյան Հայլենդն ընդունել է Ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող հուշագիր

Ամերիկյան Հայլենդն ընդունել է Ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող հուշագիր

Այսօր ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննեսյանը եւ պատգամավորներ Լիլիթ Գալստյանն ու Արծվիկ Մինասյանը հանդիպել են ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Հայլենդ համայնքի քաղաքապետ Լարի Մակ Քալոնի հետ:

 

Քաղաքապետը տեղեկացրել է, որ Հայլենդն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող հուշագիր եւ ապրիլի 24-ը հռչակել Ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Լարի Մակ Քալոնը ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավարին է  հանձնեց հռչակագիրը, իսկ Վահան Հովհաննեսյանը վստահեցրել է, որ հուշագիրը կհանձնվի Հայոց ցեղասպանության թանգարանին:

 

Կարեւորելով քաղաքապետարանի կողմից այս որոշման կայացումը` Վ. Հովհաննեսյանը նշել է, որ Հայլենդը ունի փոքրաթիվ հայ համայնք եւ հուշագիրն ընդունվել է ամերիկացիների նախաձեռնությամբ:

 

Ստորեւ ներկայացնում ենք հուշագրի տեքստը:

 

ԱՄՆ, Կալիֆոռնիա նահանգ, քաղաք Հայլենդ

Հռչակագիր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ ՀՌՉԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով, որ 1915 թվականի ապրիլի 24-ին սկիզբ դրվեց Հայոց ցեղասպանությանը, երբ Օսմանյան Թուրքիան Կոստանդնուպոլսում և Թուրքիայի այլ քաղաքներից տեղահանեց ու ջարդի ենթարկեց շուրջ 600 հայ առաջնորդների, գրողների, մտածողների եւ մտավորականների, ինչպես նաև շուրջ 5000 հայ սպանվեց փողոցներում և իրենց սեփական տներում,

 

հաշվի առնելով, որ 1915-1923թթ. Օսմանյան Թուրքիան ջարդերի և մահվան երթերի միջոցով հազարավոր հայ համայնքներում կանխամտածված ոչնչացման ծրագիր իրականացրեց` սպանվեց ավելի քան 1.500.000 հայ, հարյուր հազարավորների էլ հարկադրաբար լքեցին իրենց տներն ու հինավուրց բնօրրանը,

 

հաշվի առնելով, որ 1,5 մլն հայեր, վերապրելով ոչնչացման և աքսորի սարսափը, հարկադրված եղան տեղահանվել ու սփռվել աշխարհի տարբեր երկրներում,

 

աշվի առնելով, որ չնայած Ցեղասպանությունը հաստատող բազմաթիվ փաստաթղթերի ու ապացույցների, Թուրքիայի կառավարությունը երբեք չի ճանաչել կամ ընդունել հայ ժողովրդի ցեղասպանության պատասխանատվությունը,

 

աշվի առնելով, որ ժամանակակից Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության շարունակական ժխտումը պղծում է հայերի նախնիների հիշատակն ու հիշողությունը,

 

հաշվի առնելով, որ հայ ժողովուրդը չի ստացել իր կորուստների փոխհատուցումը, հ

 

հաշվի առնելով, որ հայ ժողովուրդը հետամուտ է իր պատմական հողերում ինքնորոշման և զարգացման հեռանկարին,

 

հաշվի առնելով, որ, չնայած հայ ժողովրդի անցյալում արձանագրված ոճրագործությանը` ներկա սերունդը եղավ ուժեղ, ստեղծագործ` ունենալով նվիրյալ քաղաքացիներ աշխարհի տարբեր երկրներում,

 

հաշվի առնելով, որ Հայլենդ քաղաքի ամբողջ բնակչության կամքն է միանալ ամերիկահայերի հավաքական հիշատակին` այդպիսով կանխարգելելով ապագայում մարդկության դեմ իրականացված նման ոճիրները

 

սույնով ես` Լարի Մակ Քալոնը, որպես Կալիֆոռնիա նահանգի Հայլենդ քաղաքի քաղաքապետ, որոշում եմ` այսուհետ Կալիֆոռնիա նահանգի Հայլենդ քաղաքում յուրաքանչյուր տարվա ապիլի 24-ը հռչակել որպես ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ:

 

Հռչակված է սեպտեմբերի 22-ին, 2011:

Լարի Մակ Քալոն, քաղաքապետ