Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ժողովրդավարություն չկա, չսիրված կուսակցություններն անցնում են խորհրդարան, չհարգված մարդիկ անցնում են խորհրդարան, ժողովուրդը մերվել է, պասիվ է. այսպես բնութագրեց Հայաստանի ներկայիս քաղաքական իրավիճակը Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:
Նրա համոզմամբ` անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ, քանի որ դա կարող է նոր ալիք բարձրացնել, որին պատրաստ չի լինի ասենք` ՀՀԿ-ն:
«Ընտրությունները ձեւականություն են, ամեն ինչ պարզ է ու գրված է նախօրոք. մեզ մոտ ամեն ինչ դաբրոյով է լինում եւ առանց դաբրոյի հարց չի լուծվում»,- կարծիք հայտնեց Կարապետյանը եւ հավելեց, որ ինքը կզարմանա, եթե ՀՀԿ-ն ընտրություններում 18 կամ 20 տոկոս ձայն հավաքի. «Ի՞նչ է, ձեզ թվում է` հասարակությունը Հանրապետականին սիրո՞ւմ է»:
Հարցն անպատասխան, բնականաբար, չմնաց. Կարապետյանին հակադարձեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը` ասելով, որ ժողովուրդն իրենց վստահում է, իսկ այն ուժերը, որոնք պատասխանատվություն չեն կրում երկրի կառավարման համար, նախընտրական պայքարին այլ գույներ են հաղորդում:
«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն էլ, իր հերթին, նշեց, որ գալիք ընտրությունները յուրահատկություն ունեն, քանի որ միջազգային գործընկերներն արդեն ուշադրություն են դարձնում նախընտրական պայքարին. «Եվ բացի սրանից, որքան էլ փորձենք չտեսնելու տալ WikiLeaks-ի բացահայտումները, նախընտրական փուլում դրանք իրենց ազդեցությունն են թողնելու»:
Իսկ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն էլ նշեց, որ հանգիստ խղճով նայում է լրագրողներին եւ տեսախցիկներին եւ ասում, որ ՕԵԿ-ը երբեք ընտրակաշառք չի բաժանել: Տիգրան Կարապետյանը, սակայն հակադարձեց, ասելով, որ բոլորը ձեւ են թափում, իսկ Մարգարյանը կարող է «սպուտնիկի» մեջ էլ նայել եւ խոստումներ տալ: