կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-15 17:29
Հասարակություն

Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ վիզային ռեժիմը վերացվել է

Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ վիզային ռեժիմը վերացվել է

Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Արգենտինայի արտգործնախարարի տեղակալ Ալբերտո դե Ալոտոն Երեւանում ստորագրել են երկու երկրների կառավարությունների միջեւ սովորական անձնագրերի դեպքում մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիրը:

Հայաստանի արտգործնախարարության դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը եւ Ալբերտո դե Ալոտոն ստորագրել են Դիվանագիտական դպրոցի եւ Արգենտինայի արտաքին գործերի, միջազգային առեւտրի եւ պաշտամունքի նախարարության Ազգային արտաքին ծառայության ինստիտուտի միջեւ գործակցության համաձայնագիրը, իսկ Հայաստանի մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը եւ Ալբերտո դե Ալոտոն՝ երկու երկրների միջեւ 2011-2015 թվականների մշակութային համագործակցության ծրագիրը:

Արգենտինացի բարձրաստիճան դիվանագետը Երեւան է ժամանել միջգերատեսչական խորհրդատվությունների անցկացման նպատակով:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունը, Ալբերտո դե Ալոտոյի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ երկու երկրների փոխհարաբերությունները դրված են ամուր հիմքերի վրա, հաճախակի են բարձր մակարդակի փոխայցելությունները, գոյություն ունի լայն իրավապայմանագրային հենք, միջազգային կազմակերպություններում արդյունավետ համագործակցություն, տնտեսական ակտիվ գործակցություն: Արգենտինայի փոխարտգործնախարարը, ընդգծելով, որ իր երկրում ամենաջերմ եւ բարեկամական վերաբերմունքն են տածում Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ, ասել է, որ Արգենտինան շարունակելու է Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու քաղաքականությունը:

Քննարկվել են քաղաքական, տնտեսական, մշակութային երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Է. Նալբանդյանը ներկայացրել է Ղարաբաղյան գործընթացի վերջին զարգացումները, տարածաշրջանային խնդիրների նկատմամբ Հայաստանի մոտեցումները: