կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-09 13:54
Հասարակություն

Մաշտոց և... Jaguar

Մաշտոց և... Jaguar

Կրթության և գիտության նախարարությունը հաստատապես որոշել է յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին որևէ անակնկալ մատուցել դպրոցական համակարգին` դրանով թերևս փորձելով մնալ «երախտապարտ» սերունդների հիշողության մեջ: Այդպիսի մի անակնկալ մատուցվեց անցյալ ուսումնական տարվա սկզբին, երբ հայկական դպրոցների ուսուցիչներին պարտադրվեց «Ուսուցչի երդման» տեքստը:

Անակնկալների առումով հարուստ է նաև այս ուսումնական տարին, և դրանց շարքում ամենաարտառոցը, թերևս, դպրոցական գրենական պիտույքների վաճառքը եկամտաբեր բիզնես դարձնելու` տարեցտարի խորացող ջանադրությունն է, որին ուրիշ շատերի հետ լծվել են նաև հայոց դպրոցների տնօրինությունները` առաջին դասարանցու` նախապես անվճար հայտարարված դպրոցական օրագիրը, օրինակ, վաճառքի հանելով, իսկ 500 դրամ արժողության օրագրերը 1000 դրամով դպրոցականների վրա «սաղացնելով»:

Օրերս ձեռքս ընկան զարմիկներիս համար գնված օրագրերը, որոնք ուղղակի ցնցեցին: Մագնիսական փականով և ճաշակով արված օրագրի կազմին արտասահմանյան գերժամանակակից, թանկարժեք ավտոմեքենայի լուսանկար էր, իսկ ծալված կիսաէջին` տվյալները: Կազմի մյուս երեսին նույն ավտոմեքենայի «ինտերիերն» է` մանրամասներով:

Ի՞նչ է սա նշանակում. մի ամբողջ տարի հայ դպրոցականը պիտի ապրի երբևէ այդպիսի ավտոմեքենա ունենալու երազանքո՞վ և, ասենք, Մեծարենցի «Տուր ինծի, Տեր, ուրախությունն անանձնական» բանաստեղծության փոխարեն անգիր անի Jaguar կոչված ավտոմեքենայի քաշի, շարժիչի հզորության, արագության և այլնի վերաբերյալ հույժ կարևոր տվյալնե՞րը: Իսկ չէ՞ որ ընդամենը 3 տարի առաջ մեծ աղմուկ բարձրացվեց Թուրքիայից ներմուծվող «ապազգային» տետրերի կապակցությամբ, և կրթության և մշակույթի նախարարությունները հայտարարեցին, թե տետրերը պետք է ծառայեն մեր մշակույթի ու գիտության գործիչների քարոզչության նպատակին:

Նշանակում է՝ «Կռունկ» տպագրատունը (ք. Էջմիածին, Մաշտոցի 8) նախապես ունեցել է այդպիսի ձևավորմամբ օրագրեր տպագրելու համապատասխան թույլտվություն: Այս պարագայում երկու հարց է ծագում. ո՞վ է արտոնել այս օրագրերի արտադրությունն ու ազատ վաճառքը, կրթության և գիտության նախարարությունում տեղյա՞կ են հայկական օրագրերի այս «jaguar-ացումից»: