Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԼՂ անկախության միջազգային ճանաչումը Արցախի առաջնահերթ խնդիրներից է: «Ըստ էության` մեր անկախության չճանաչման իրավական հիմքեր չկան, եւ այդ հարթության մեջ մեր փաստարկներն անբասիր են: Այլ բան է, որ կան աշխարհաքաղաքական շարժառիթներ, տարաբնույթ շահեր եւ այլն, որոնք փոքր-ինչ հետաձգում են մեր ճանաչումը»,- ԼՂՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ Независимая газета-ին տված հարցազրույցում ասել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը:
Նրա կարծիքով` ամեն դեպքում աշխարհաքաղաքականությունը եւ շահերի բախումն իրենց տեղը զիջում են իրավունքին ու բարոյականությանը, ինչի վառ ապացույցն է վերջին 3-4 տարում նախկինում չճանաչված պետությունների ճանաչման գործընթացի նոր փուլը:
Սակայն, ըստ Բ. Սահակյանի, ԼՂՀ անկախության ճանաչումը չի պայմանավորվում արդեն առկա նախադեպերով. ԼՂՀ-ն շարունակելու է պայքարել միջազգային ճանաչման համար անկախ նախադեպերից, քանի որ դրա համար կան բացարձակապես բոլոր հիմքերը` պատմական, իրավական, քաղաքական եւ բարոյական:
Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին Արցախի մասնակցությանը, ըստ ԼՂՀ նախագահի, դա հակամարտության համապարփակ կարգավորման միակ հնարավորությունն է: «Առանց մեր մասնակցության կարգավորումն անիրական է: Ի դեպ, դա ընդունում են նաեւ միջազգային միջնորդները, օրինակ` ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Ստեփանակերտը պատրաստ է ուղիղ բանակցել Բաքվի հետ եւ քննարկել ցանկացած հարց: Կարծում եմ` բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափի վերականգնումը իսկապես ժամանակի հարց է, եւ ինչքան արագ դա կատարվի, այնքան կարճ ժամանակ կպահանջվի հակամարտության վերջնական կարգավորման համար»,- ասել է Բ. Սահակյանը:
Նա նաեւ հավելել է, որ Արցախը բանակցային, խաղաղ ճանապարհով հիմնախնդիրը լուծելու կողմնակից է եւ անում է իրենից կախված ամեն ինչ: Իսկ ԼՂՀ բանակը մարտունակ է եւ ոչ միայն երկրի անվտանգության երաշխավորն է, այլեւ կայունացնող գործոն տարածաշրջանում: