Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն երեկ ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուին:
Տիկին Պողոսյանը կարևորել է մշակութային արժեքների պահպանության ԱՄՆ դեսպանի հիմնադրամի կողմից Գառնու միջնադարյան կամրջի ամբողջական վերականգնման ու ամրակայման ծրագրին մշակութային դրամաշնորհի տրամադրումը` հավելելով, որ 11-րդ դարի այդ կամուրջը Հայաստանի միջնադարյան ճարտարապետության ինժեներական նշանակություն ունեցող եզակի կառույցներից է:
ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուն նախարարին տեղեկացրել է, որ սա առաջին դրամաշնորհային ծրագիրը չէ, որ իրենք իրականացնում են (եղել է աջակցություն ազգագրական համույթի, ֆիլմադարանի, հուշարձանի բարեկարգման), սակայն լիազոր մարմնի հետ ու ծավալային առումով առաջին խոշոր համագործակցությունն է, որը պետք է նաև ամրագրվի համաձայնագրի ստորագրումով:
Կողմերն անդրադարձել են նաև մշակույթի տարբեր ոլորտներին (թանգարան, գրադարան, կինո), ինչպես նաև մշակութային օրենսդրությանը: Նախարարը հյուրին ներկայացրել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2012 թ. «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» հռչակելու և հայ տպագիր գրքի 500-ամյակին նվիրված կարևորագույն մի շարք ծրագրեր և վստահություն է հայտնել, որ ԱՄՆ դեսպանությունը ևս մասնակցություն կունենա դրանցում:
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուն հավաստիացրել է ծրագրերի վերաբերյալ իրենց հետաքրքրությունը և նշել, որ մասնակցություն կբերեն նաև Հայաստանի անկախության 20-ամյակի միջոցառումներին, որը նաև Հայաստան-ԱՄՆ համագործակցության 20-ամյակն է: