կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-20 11:05
Առանց Կատեգորիա

Եղեք զգուշացված

Եղեք զգուշացված

Խոստովանեմ` միշտ այն կարծիքին եմ եղել, որ պետությունն է երկխոսացնում ՀԱԿ-ին: Վերջին հանդիպման ոչ եւս հայտարարվելը, սակայն, պատճառահետևանքային ամենամակերեսային դիտարկումից հետո ցույց է տալիս, որ ՀԱԿ-ն է երկխոսացնում պետությանը: Ընդ որում` ինչ ձեևաչափով ուզում է, որտեղ ուզում է եւ որ օրն ուզում է: Գրողը տանի, վերջապես ո՞ւմ է ավելի անհրաժեշտ այս երկխոսությունը, ՀԱԿ-ի՞ն, թե պետությանը: Ամեն ինչ դարձյալ խառնվեց իրար: Գալուստ Սահակյանն ընդամենը մի քանի օր առաջ վստահ ասում էր, որ երկխոսությունն ավելի շատ պետք է ՀԱԿ-ին, որպեսզի նա հանրահավաքներում մեծախոսություն անի: Բայց պարզվեց, որ ամեն ինչ այնքան էլ այդպես չէ: Բավական է իշխանությունը մատով դիպչի մի ակտիվիստի եւ ՀԱԿ-ը փշերը ցցում, սպառնում է դադարեցնել երկխոսությունը: Հենց այստեղ է, որ Գալուստ Սահակյանի ասածները կասկածելի են թվում: Կոալիցիայի ամենամեծ խմբակցության ղեկավարը, փաստորեն, այնքան էլ տեղեկացված չէ ՀԱԿ-կոալիցիա ձևաչափով ընթացող բանակցությունների նպատակներին եւ ընթացքին: Որքան էլ այս ցնդաբանությանը չհավատամ, միևնույն է, տեսնում եմ ահա, որ կոալիցիան է վազում ՀԱԿ-ի հետևից երկխոսելու: Աշխատանքային խմբի անունն էլ կոալիցիոն են դրել, որ չասենք` իշխանությունն է վազում երկխոսելու: «Պալոժ չիե իշխանությանը: Եթե ես սխալվում եմ, ապա ինչո՞ւ են այսպիսի հոժարությամբ մեկիկ-մեկիկ ազատում նոր սերնդի «քաղբանտարկյալներին»: Մնում է ասել, որ Մուսինյանից մրսում են, Զուրաբյանին` հարգում, դե իսկ Լևոն Տեր-Պետրոսյանից` ընդհանրապես քաշվում: Առջևում սեպտեմբերի 9-ի հանրահավաքն է` չսկսի՞ հանկարծ խոսել քաղբանտարկյալների առկայությունից: Իսկ գուցե Լևոն Տեր-Պետրոսյանը ճի՞շտ է ասում, որ այս իշխանությունները երկիրն ամեն օր մոտեցնում են կործանման եզրին: Լուրջ: Ասացեք, խնդրեմ, մի՞թե օգոստոսի 9-ին տեղի ունեցածը մի ուչաստկովիի բացահայտելու գործ չի, որ բարձրացրել են ոստիկանապետի մակարդակի ու չեն կարողանում բացահայտել: Էս ի՞նչ աչքկապոցի է, էս ի՞նչ պաստվոցի… Եվ դեռ այսպիսի երկխոսությամբ ուզում են օտարների աչքին բարձրանալ: Կրակն ընկանք` ասինք երկխոսելն ավելի լավ է, քան առճակատվելը: Սրանք հիմա առճակատվելով են երկխոսում` փոխադարձաբար խայտառակելով միմյանց: Էլ ի՞նչ արտահերթ ընտրություն, էլ ի՞նչ բան: Էն էի ասում` քաղբանտարկյալների ազատման գործընթացը տեղից շարժվեց: Մնացին երկուսը, նրանց էլ կազատեն մինչև երեքշաբթի: Երևի կազատեն, որովհետև երկխոսության 6-րդ ռաունդի օրը նորին գերազանցություն ՀԱԿ-ը երեքշաբթի է նշանակել:Սույն գործընթացը, ինչպես հավանաբար նկատեցիք, նպատակ է հետապնդում նաև վերջ տալ այս թեմայով Գալուստ Գրիգորիչի ասուլիսներին: Էս մարդն էլ մնում-մնում այնպիսի բաներ է ասում…Եվ վերջում` ՀՀ մյուս քաղաքացիներին խոնարհաբար կխնդրեի` նախքան ՀԱԿ ակտիվիստ դառնալը ոչ մի դեպքում չփորձել վերահսկել ոստիկանության աշխատանքը, եթե վերջինս առանց համապատասխան օրդերի խուզարկություններ է անցկացնում անգամ հակաբեղմնավորիչների խանութում: Միշտ իմացեք` քաղաքական կազմակերպություններից միայն ՀԱԿ-ը կարող է քաղբանտարկյալի կոչում տալ ձեզ եւ ազատել բանտից: Հետո չասեք` չէին զգուշացրել:

Էդիկ Անդրեասյան