Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ են այցելել 50-ից ավելի կրպակատերեր՝ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների հետ:
Ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակից, կրպակատերերը Կարեն Անդրեասյանին ներկայացրել են իրենց բողոքը կրպակների ապամոնտաժման գործընթացի դեմ եւ դժգոհությունը Երեւանի քաղաքապետարանի որոշումներից:
Մարդու իրավունքների պաշտպանը կրպակատերերին հուշել է նրանց իրավունքների պաշտպանության ուղիները եւ բացատրել իր լիազորությունները, ինչպես նաեւ ներկաներին առաջարկել պաշտպանին դիմել անհատական դիմումներով՝ յուրաքանչյուր գործ առանձին քննարկելու եւ որոշումներ կայացնելու նպատակով:
Կարեն Անդրեասյանն ընդգծել է, որ ՄԻՊ-ը կարող է աջակցել դիմումատուներին իրավական լուծումներով: Իսկ երբ խնդիրը դուրս է իրավական դաշտից, ապա քաղաքական պայքարին Պաշտպանը մասնակցել չի կարող, սակայն կարող է միջամտել, որպեսզի հարգվի եւ պաշտպանվի յուրաքանչյուրի՝ օրինական ճանապարհներով իր կենսական շահերի համար պայքարելու իրավունքը:
Ի պատասխան կրպակատերերի խնդրանքին՝ դիմել Սահմանադրական դատարան քաղաքապետարանի որոշումների Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու նպատակով, օմբուդսմենն ասել է, որ այդ առաջարկը եւս մանրամասն քննարկման կարիք ունի եւ բացատրել յուրաքանչյուր գործողության ընթացակարգերն ու ժամկետները, նաեւ խոստացել, որ այսօրվանից գրասենյակը կուսումնասիրի Սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունները եւ հնարավոր բոլոր հիմքերը:
Պաշտպանը շեշտել է, որ առաջիկայում եւս հետեւողական կլինի կրպակատերերի գույքային իրավունքի ոտնահարման դեպքերը իր լիազորությունների շրջանակներում բացահայտելու եւ խախտված իրավունքը վերականգնելու հարցում: