կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-17 18:16
Արցախ

Բյուջետային հիմնարկներն ավելի հարուստ են

Բյուջետային հիմնարկներն ավելի հարուստ են

Արցախում բյուջետային ֆինանսավորում ունեցող հիմնարկներում եւ կազմակերպություններում զբաղվածների միջին ամսական անվանական աշխատավարձն ավելի շատ է աճում, քան առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպություններում աշխատողներինը։ Այս մասին են վկայում ԼՂՀ ազգային վիճակագրության ծառայության տվյալները, որոնք օրերս մամուլի ասուլիսի ժանանակ ներկայացրել է ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը։

Նրա տեղեկացմամբ՝ այս տարվա հունվար-հունիսին տնտեսությունում զբաղվածների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 97.3 հազար դրամ եւ նախորդ տարվա հունվար-հունիսի համեմատությամբ ավելացել է 6.6 տոկոսով: Ընդ որում՝ բյուջետային ֆինանսավորում ունեցող հիմնարկներում եւ կազմակերպություններում զբաղվածների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 107,5 հազար դրամ եւ աճել 7.6 տոկոսով, իսկ առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպություններում զբաղվածներինը` 89,7 հազար դրամ եւ աճել է 5.9 տոկոսով:

Հանրապետությունում աճել են նաեւ վարկերի չափերը. հուլիսի 1-ի դրությամբ` հանրապետության տարածքում գործող առեւտրային բանկերի վարկերը կազմել են 48.7 մլրդ դրամ եւ 2010թ. հուլիսի 1-ի համեմատ` աճել 55 տոկոսով։ 2011թ. հուլիսի 1-ի դրությամբ ներգրավված ավադները կազմել են 40,4 մլրդ դրամ եւ 2010թ. հուլիսի 1-ի դրությամբ աճել են 7,1տոկոսով։

Հանրապետությունում ոչ բանկային կազմակերպությունների կողմից իրականացված փոխառությունները այս տարվա հունվար-հուլիսին կազմել է 2,9 մլրդ դրամ՝ 2010թ. 1,5 մլրդ դրամի փոխարեն: