կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-27 14:15
Մշակույթ

Վարագավանք մշուշ է` հոյ աման-հոյ աման

Վարագավանք մշուշ է` հոյ աման-հոյ աման

Հունիսի 21- 23-ը Վանում տեղի ունեցած մշակութային փառատոնին իր մասնակցությունն է բերել «Ակունք» համույթը ` ԱԺ պատգմավոր Արագած Ախոյանի աջակցությամբ:

Ծրագիրը բաղկացած է եղել երկու փուլից` փառատոն և ուխտագնացություն, որի շրջանակներում մասնակիցները եղել են Վանում, Կարսում, Աղթամարում, Մուշում, Անիում, շուրջ 2600 մետր բարձրացել են Արարատը:

Վանի քաղաքապետի նախաձեռնությամբ կազմակերպված փառատոնը, որին մասնակցում էին 60 մշակութային խմբեր, բաղկացած է եղել 3 փուլից. առաջին փուլը սկսվել է Վանի փողոցներում` թուրք զինվորների հսկողությամբ ընթացող շքերթով, որին «Ակունք»-ը մասնակցել է տարազներով ու հաղթական երթով:

Ինչպես նշում է համույթի խմբավար Արեգ Միքայելյանը, ժողովուրդն իրենց մեծ ոգևորությամբ և սիրալիր է ընդունել: «Մենք ոչ թե հյուրի, այլ տանտիրոջ կարգավիճակում էինք և ներկայացնում էինք մեր մշակույթը»,- ասաց նա:

Աղթամարում ընթացող փառատոնի երկրորդ փուլը հայ-քրդական համատեղ համերգ էր, որի ընթացքում «Ակունք»-ի բեմական ելույթին տրամադրված էր 40 րոպե, մինչդեռ մյուս մշակութային խմբերին` 8-10 րոպե: Ելույթի համար ընտրված էին այնպիսի հերոսական-ազատագրական երգեր, որոնք ստեղծվել են հենց Վանի մեր մեծերի կողմից: Ի տարբերություն քրդական կողմի ելույթի` մերը եղել է կենդանի նվագակցությամբ:

Ինչպես նշեց համույթի գեղարվեստական ղեկավար Սարգիս Ալավերդյանը, հանդիսատեսն անհամբեր սպասում էր իրենց ելույթին:

Հունիսի 23-ին նախատեսված փակման փուլը չկայացավ. ինչպես ներկայացնում է պարոն Ախոյանը, մեր ելույթից առաջ ինքն անհանգստացել է, քանի որ բեմի լույսերը չէին վառվում, իսկ կազմակերպիչները չկային: «Ես ասացի, որ եթե 5 րոպեից լույսերը չվառվեն, մենք կհեռանանք, բայց մեզ ասացին, որ մեզ հետ կապ չունեցող կառավարական խնդրի պատճառով կազմակերպիչները ձերբակալված են»,- պատմեց նա` ավելացնելով, որ իրենց «նրբորեն հանեցին» կենտրոնական հրապարակից, իսկ իրենց հեռանալուց րոպեներ հետո քրդերի քաղաքական վանկարկումները թեժացան, և սկսվեցին բախումները:

Հայկական մշակութային խմբի մասնակիցները եղել են Վարագավանքում, որի անմխիթար վիճակի մասին պարոն Ախոյանը զրուցել է մի քանի թուրք պատգամավորների և Վանի քաղաքապետ Բեկիր Կոյայի հետ, ովքեր խոստացել են համույթի հաջորդ այցի ժամանակ արդեն  հայկական մշակույթի պահպանության հետ կապված խնդիրները լուծած լինել:

«Վարագավանք մշուշ է` հո՜յ աման-հո՜յ աման»` հենց այսպես երգելով, գնացել-եկել ենք»,- ասաց Ա. Ախոյանը:

Լուիզա Սուքիասյան