Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի դեմ քաղաքագետ Արմեն Այվազյանի հայցադիմումի գործով` հուլիսի 19-ի դատական նիստը չկայացավ պատասխանողի բացակայության պատճառով։ Հ.Դեմոյանը գրությամբ տեղեկացրել էր դատարանին, որ գտնվում է գործուղման մեջ, եւ խնդրել էր հետաձգել դատական նիստը։ Ա.Այվազյանի ներկայացուցիչ, փաստաբան Արթուր Գրիգորյանը չառարկեց միջնորդության դեմ։ Դատավոր Ռուբեն Ներսիսյանը հիշեցրեց նիստին ներկա կողմին վեճը հաշտության համաձայնությամբ հանգուցալուծելու հնարավորության մասին։ Լրագրողների հետ զրույցում Ա.Գրիգորյանը հայտարարեց, որ ինքը տեղյակ չէ, թե ինչպիսին է իր վստահորդի դիրքորոշումը հաշտության համաձայնություն կնքելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Հայկ Դեմոյանը մարտի 30-ին, իսկ այնուհետեւ ապրիլին հեռուստահաղորդման ընթացքում, «Նոյյան Տապան» եւ «Հետք.am» լրատվամիջոցների հրապարակումներում Արմեն Այվազյանի հասցեին, փաստաբանի բնորոշմամբ, մի շարք զրպարտող եւ վիրավորական արտահայտություններ է արել, անվանել է նրան «հայրենիքի դավաճան»:
Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի ժամանակ Ծիծեռնակաբերդի հուշամալիրի տարածքում «անջատել էին լույսերը», իսկ Ա.Այվազյանը իր տված հարցազրույցում հետագայում քննադատական մի շարք խոսքեր է հնչեցրել իշխանությունների հասցեին։ Փաստաբանի խոսքերով` թեեւ քննադատությունը չէր առնչվում կոնկրետ Հայկ Դեմոյանին, սակայն նա դա վերագրել է իրեն եւ արշավ է սկսել Արմեն Այվազյանի դեմ։
Դիմող կողմի հայցապահանջն է 3 մլն դրամի հատուցում, որից 1 մլն-ը հասցված վիրավորանքի, 2 մլն-ը՝ զրպարտության դիմաց։ Ա.Գրիգորյանը պարզաբանեց, որ փոխհատուցման գումարի չափի վրա ազդում է այն հանգամանքը, թե որքանով են տարածում գտել վիրավորական ու զրպարտչական արտահայտությունները։ Տվյալ դեպքում դրանք տարածվել են ողջ Հայաստանով եւ Սփյուռքով, անգամ դարձել բլոգներում բավականին մեծ քննարկումների առարկա։ Փաստաբանը համարում է, որ դիմող կողմի հիմքերը բավարար են դատարանում հաջողելու համար։