Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մի' թալանեք երկրի ընդերքը», «Մենք գիտենք, թե ովքեր են տերերը». այս եւ նմանատիպ այլ ցուցապաստառներով ՀՀ կառավարության շենքի մոտ այս պահին բողոքի ակցիա է ընթանում:
«Այսօր Հայաստանը մոտավորապես 600 հանք ունի, որոնք անխնա թալանվում են,- ԵՐԿԻՐ-ի հետ զրույցում ասաց ցույցի կազմակերպիչներից մեկը` Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար, լրագրող Լեւոն Բարսեղյանը:- Նկարների մեջ մենք ցույց ենք տվել այդ բոլոր մարդկանց, և կարծում եմ, որ որևէ քայլ կձեռնարկվի այս ամենը կանխելու համար: Ցույցերը կշարունակվեն այնքան ժամանակ` մինչև քայլեր ձեռնարկվեն»:
Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկն էլ ասաց. «Հայաստանը դարձրել են հանքաստան, այսինքն` ամբողջ ընդերքը դուրս են տարել և ուտում են: Ընդ որում` դրանից բյուջեին գրեթե ոչ մի տոկոս չեն տվել, ամբողջն իրենց գրպանն է գնում: Եվ ընդհանրապես, կառավարության բոլոր որոշումները կեղծել են` հանքեր տրամադրելու համար: Մենք պահանջում ենք, որ վերանայվեն այդ որոշումները և մի քիչ նորմալ վերաբերվեն Հայաստանի բնապահպանությանը, որովհետև ամբողջ շրջակայքն այլանդակված, ավերված վիճակում է»:
Կառավարության շենքից դուրս գալով` բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը փորձեց որքան հնարավոր է` արագ կտրել-անցնել ցուցարարների միջով, սակայն լրագրողներից խուսանավել նրան չհաջողվեց: «Մեր դիրքորոշումը հետեւյալն է` անհրաժեշտ է, որպեսզի ընդերքը շահագործվի, սակայն շրջակա միջավայրին հասցվող հնարավոր վնասներն իջեցվեն ամենացածր աստիճանին: Այսինքն` պետք է շրջակա միջավայրին վնասներ չհասցվեն, օգտագործվեն ամենաժամանակակից տեխնոլոգիաները»,- նշեց նախարարը` հավելելով, որ համաշխարհային պրակտիկա է, որ ընդերքի շահագործումը պետք է ուղեկցվի շրջակա միջավայրի պահպանությամբ:
Ինչ վերաբերում է խախտումներին, նախարարը վստահեցրեց, որ դրանց դեպքում համապատասխան միջոցներ են կիրառվում, իսկ աղտոտվածության համար տնտեսվարողները, օրենքի համաձայն, տույժեր ու տուգանքներ են վճարում:
«Մենք միշտ էլ բնությանը պետք է հնարավորություն տանք ե'ւ վերականգնվելու, ե'ւ ինքնավերականգնվելու, ինչպես նաեւ բնական միջամտություն իրականացնելու»,- ասաց Ա. Հարությունյան եւ, անպատասխան թողնելով լրագրողների մյուս հարցերը, շտապեց մեքենա նստել: