կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-12 10:22
Առանց Կատեգորիա

Մեր հաշվին ապրողները

Մեր հաշվին ապրողները

Նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, հանդիպելով մայրաքաղաքի համատիրությունների նախագահների եւ Երեւանի վարչական շրջանների ղեկավարների հետ, համատիրությունների համակարգի կայացումը հռչակել էր քաղաքային իշխանության համար առաջնային խնդիր: Արդյունավետ աշխատող եւ համեմատաբար կայացած համատիրությունների նախագահներին էլ շնորհակալագրեր էր հանձնել:

Այս միջոցառման ժամանակ էր, որ մենք զարմանքով տեղեկացանք, որ մեր քաղաքում խրախուսանքի արժանի համատիրություն կա: Որ Երեւանի համատիրությունները, բացի վարձավճարների հավաքագրումից, այլ գործով չեն զբաղվում, որեւէ բնակչի համար նորություն չէ: Եթե ինչ-որ բան էլ անում են, ուրեմն հաստատ մինչ անելը բնակիչները «պատերազմների» միջով են անցնում:

Բերենք ամենաթարմ օրինակը. անցած կիրակի օրը Երեւանի Շենգավիթ համայնքի Բագրատունյաց փողոցի բազմահարկ շենքերից մեկի կոյուղին շարքից դուրս է գալիս, եւ ողջ պարունակությունը լցվում է առաջին հարկի բնակարանը: Տանտերերը զանգում են ջրմուղկոյուղի, որտեղից պատասխանում են, որ պետք է համատիրություն դիմեն: Վերջինս էլ ջրմուղի վրա է գցում: Ի վերջո, համատիրության ներկայացուցիչներն ընդունում են, որ իրենք պետք է կարգավորեն խնդիրը, բայց հրաժարվում են աշխատանքն անել` ասելով, թե դա մասնավոր գործ է եւ պետք է վճարել: Միայն այն բանից հետո, երբ տանտերը ներկայանում է որպես լրագրող, համատիրության աշխատողները նորոգում են կոյուղին:

Սա ընդամենը մեկ օրինակ է, իսկ Երեւանում կա 4720 բազմահարկ շենք, որոնք ունեն բազմաթիվ խնդիրներ` տանիքի կաթկթոցից մինչեւ նկուղի առնետները: Իսկ ի՞նչ է անում համատիրությունը, բացի ամեն ամիս պարտաճանաչ վարձավճարներ հավաքելուց: Ո՞ւր է գնում համատիրության բյուջեն, եթե այդ կառույցները որեւէ նորոգում չեն իրականացնում:

Նախորդ ամիս Երեւանի հարգարժան քաղաքապետը «Ֆեյսբուքի» իր էջում կոչ էր անում բնակիչերին՝ պարտադրել համատիրություններին լուծել շենքերում առաջացող բոլոր խնդիրները: Ասացեք, խնդրեմ, պարո'ն քաղաքապետ, ինչպե՞ս լուծենք: Բոլորս ներկայանանք որպես լրագրո՞ղ: