կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-01 14:56
Մշակույթ

"Ամենահիվանդ" կտավը

"Ամենահիվանդ" կտավը

Սարյանի կենդանության օրոք նրա արվեստանոցի ջեռուցման խողովակների վթարի հետեւանքով վնասված նկարներից է նաեւ «Պարսկաստան» կտավը (1913թ.):

ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ` պիլոտային ծրագրի շրջանակներում հնարավոր եղավ իրակականացնել այդ կտավի վերականգնումը: Աշխատանքները սկսվել են հունիսի 24-ից: Ծրագիրը ղեկավարում է Միլանի Հայկական մշակույթի փաստագրման եւ ուսումնասիրման կենտրոնի վերանորոգման բաժնի ղեկավար Գայանե Կազնատին, վերականգնման աշխատանքներն իրականացնում է իտալացի նկարիչ Լուչիանա Բիլիոտտին, նրան օգնում են Հայաստանի ազգային պատկերասրահի վերականգնող նկարիչներ Հայկ Ամիրխանյանը եւ Արամ Մաթեւոսյանը: Անհրաժեշտ բոլոր նյութերը եւ սարքավորումները բերվել են Իտալիայից:

Հայկ Ամիրխանյանն այսօր լրագրողներին պատմեց, որ ուլտրամանուշակագույն լույսով ուսումնասիրվել են կտավի մակերեսը եւ ներկաշերտը:

«Կողային լույսի տակ նկարել են կտավը, որի արդյունքում թերություններն ավելի պարզ են երեւում: Այնուհետեւ ամրացվել են ամենաշատ վնասված հատվածները` եզրերը, ներկաշերտը ամբողջությամբ ամրացվել եւ մաքրվել է: Մյուս աշխատանքները դեռ ընթացքի մեջ են»,- ասաց Ամիրխանյանը:

Գայանե Կազնատին ասաց, որ կտավի վերականգնողական աշխատանքներն ավարտելուց հետո կստեղծվի անձնագիր, որում կներկայացվի վերականգնողական աշխատանքների ամբողջ գործընթացը, ինչպես նաև կլինի տեղեկություն կտավի հետագա պահպանման եւ մշակման մասին:

«Երկիր»-ի հարցին, թե Սարյանի էլ ո՞ր կտավը վերականգնման կարիք ունի, Գ. Կազնատին պատասխանեց, որ իրենք նախատեսում են վերականգնել նաեւ «Ծաղիկներ» նկարը:

Հերմինե Կարապետյան