Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Բարաք Օբամայի վարչակազմը երեկ վերսկսել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը սառը ջուր է լցրել Ֆրանսիայի` բանակցությունները Փարիզում անցկացնելու առաջարկին` պատճառաբանելով, թե կողմերը երկխոսելու նշաններ ցույց չեն տալիս:
«Մենք դեռ սպասում ենք եւ հետեւում իրադրությանը, քանի որ ոչ մի երաշխիք չկա, որ կողմերից մեկը կվերսկսի բանակցությունները»,- Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեի հետ հանդիպումից հետո հայտարարել է նա լրագրողներին:
Միաժամանակ, Իսրայելի փոխարտգործնախարար Դանի Այալոնը հանդիպել է իր ամերիկացի գործընկեր Բիլ Բեըրնսի հետ եւ հայտարարել, որ «ամերիկացիների միջնորդությամբ բանակցություններին այլընտրանք չկա»:
Փաստորեն, ԱՄՆ-ը պարզորոշ հասկացրել է, որ ֆրանսիացիների նախաձեռնությունը տեղին չէ: Իսրայելը նույնպես հակված է հրաժարվել Ֆրանսիայում բանակցություններ վարելու գաղափարից, իսկ Պաղեստինը դեմ չէ ընդունել այդ առաջարկը:
Այդուհանդերձ, արեւմտյան ԶԼՄ-ների տվյալներով, Պաղեստինը եւ Իսրայելը գաղտնի բանակցություններ են սկսել Վաշինգտոնում: Իսրայելի ներկայացուցիչ Իցհակ Մոլխոն եւ Պաղեստինի ներկայացուցիչներ Սաիբ Արիկաթն ու Նաբիլ Աբու Ռուդեյնեն ներկայումս փորձում են վերսկսել խաղաղ բանակցությունները Սպիտակ տան հովանավորությամբ: