կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-26 03:26
Առանց Կատեգորիա

Կանցկացվի 4-րդ Digitec-ը

Կանցկացվի 4-րդ Digitec-ը

Հունիսի 24-25-ը Երեւանում անցկացվելու է DigiTec բիզնես ֆորում 2011-ը: Այն կազմակերպվում է արդեն չորրորդ անգամ եւ նպատակը տնտեսության տարբեր ոլորտներում տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրումը խթանելն ու դրանց միջոցով տնտեսական զարգացմանը նպաստելն է:

«Կփորձենք երկրում բարձրացնել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման մակարդակը: Այս տեսանկյունից Հայաստանը աշխարհի մակարդակով զբաղեցնում է 100-րդ տեղը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ղեկավար (ֆորումի կազմակերպիչ) Կարեն Վարդանյանը:

«Բիզնեսի եւ տեխնոլոգիաների երկխոսություն» խորագրով ֆորումի ընթացքում կազմակերպվելու են սեմինարներ եւ կլոր սեղաններ, ցուցահանդես, որի շրջանակներում ՏՀՏ ոլորտի շուրջ 40 ընկերություն կներկայացնեն տեխնոլոգիական վերջին լուծումներն ու ծառայությունները, որոնք նախատեսված են պետական մարմինների եւ գործարարների համար:

Ֆորումին մասնակցելու հրավեր ունեն նաեւ սինգապուրցի փորձագետներ, ովքեր կներկայացնեն իրենց փորձը, թե ինչպես են 20 տարվա ընթացքում աղքատ, «ավազի կղզի» կոչվող Սինգապուրը դարձրել ներկայիս ամենազարգացած երկրներից մեկը:

«Ֆորումի մասնակիցները հիմնականում առաջադեմ ընկերություններ են, ունեն լուրջ ամբիցիաներ եւ դրանք իրականացնելու ու արդիական լինելու համար բիզնես լուծումներ կիրառելու անհրաժեշտություն են տեսնում»,- ասաց Կ. Վարդանյանը: