Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թեպետ Հայաստանը չանցավ ESC եզրափակիչ, բայց գերմանացի Շրաթցլզեեր ամուսինների համար նրանք մեծ հաղթող են մնում. մայիսի 19-ից սկսյալ (նաեւ 20-ին, 21-ին) գրում են ընթերցողների մեծ բանակ ունեցող գերմանական «Էքսպրեսը», «Ռայնիշե փոստը»: Առաջինին հղում անելով` լուրը տարածում է նաեւ T-online ինտերնետային լրատուն:
Բանն այն է, որ ճանաչված փաստաբան դոկտ. Ֆոլքեր Շրաթցլզեերը տիկնոջ` Ռոզվիթայի հետ «Եվրատեսիլի» եզրափակիչին հաջորդած կիրակի օրը կնունքի արարողության է հրավիրված լինում Դյուսելդորֆի հինգաստղանի «Շթայգենբերգեր փարք» հյուրանոցում, ուր, ի թիվս այլ պատվիրակությունների, իջեւանել էր նաեւ Հայաստանի պատվիրակությունը:
Տիկինը, որ կնունքի առիթով առանձնահատուկ շքեղ հանդերձանքով էր ներկայացել, զուգարանում լվացվելու ժամանակ լվացարանակոնքին է մոռանում իր 20 000 եվրոյի ադամանդաքար սպիտակ ոսկուց պատրաստված եւ մորից ու մորաքրոջից ժառանգություն ստացած մատանին: Տունդարձին հայտնաբերում է, որ թանկարժեք իրը թողել է հյուրանոցում, շտապում է այնտեղ, դահլիճից սկսած` փնտրում են ամենուրեք, չեն գտնում, եւ ինչ ուրախություն, ընդունարանում նրան վերադարձնում են մատանին` հաղորդելով, թե նույն օրը գտածոն ստացել են Հայաստանի պատվիրակության երկու անդամներից:
«Դյուսելդորֆյան ժյուրին նրանց ազնվության համար հետմրցութային 12 միավոր է շնորհում»,- գրում է «Էքսպրեսսը»: Իսկ «Ռայնիշե փոստը»` մեջբերելով Շրաթցլզեեր ամուսինների խոսքերը, ափսոսանք է հայտնում, թե «չգիտեն Հայաստանի պատվիրակության` այդ երկու կանանց անունները, որոնց ազնվության դիմաց կուզենային կարգին պարգեւավճարով շնորհակալ լինել»:
Կիրակի օրը Հայաստանի պատվիրակությունը հյուրանոցը լքել է, իսկ ընդունարանում դժվարացել են հաղորդել ազնիվ հայուհիների անունները, քանի որ սենյակները պատվիրված են եղել պատվիրակությունների անուններով:
Եվրոտեսիլյան հաղթանակից հետո Ադրբեջանի նավթով ու գազով ողողված գերմանական մամուլի ամենօրյա համայնապատկերում հայկական ազնվության մասին լուրը փոքրիկ` մանանեխի հատիկի չափ հավատ է ծնում, միգուցե շուտով դիվանագիտական միջազգային կառույցներն էլ ԼՂ անկախության ճանաչումը արժանի պարգեւավճար սահմանեն` հանուն պատմական արդարության, ինքնորոշման ազնիվ պայքարի դիմաց: Ի՞նչ վատ ռեալպոլիտիկ է: