|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ կառավարության պատասխանատվության մասին ՀՅԴ ներկայացրած հարցապնդումը կքննարկվի վաղը`մայիսի 25-ին:
Խմբակցությունն արդեն կառավարությունից ստացել է հարցապնդման պատասխանը: Հարցապնդումներից մեկը վերաբերում է նրան, թե, բացի ֆինանսատնտեսական ճգնաժամից, էլ ինչո՞վ է կառավարությունը բացատրում Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած` կառավարության գործունեության ծրագրի, ինչպես նաև իր իսկ կողմից հաստատված փաստաթղթերի ձախողումները:
Կառավարությունից պատասխանել են, որ մինչ ճգնաժամը մեր երկրի տնտեսական համակարգն արդեն իսկ կուտակել էր արտաքին ցնցումներին դիմակայելու թույլ կարողություններ, և տնտեսությունում կար ճշգրտումների զգալի պահանջ, իսկ ճգնաժամն ուղղակի արագացրեց այդ գործընթացները:
«Կարող ենք փաստել, որ հիմնական ազդեցությունը սոցիալ-տնտեսական ցուցանիշների վրա եղել են ճգնաժամը և նախկինից ժառանգված արտաքին ցնցումների նկատմամբ խիստ զգայուն տնտեսական համակարգը, ինչպես նաև ոչ արդյունավետ սոցիալական ենթակառուցվածքները, որոնց շտկմանը ձեռնամուխ է եղել կառավարությունը»,- ասված է խմբակցության ստացած պատասխանում:
Պատասխանից կարելի է ենթադրել, որ, նախկիններ ասելով, կառավարությունը երկրում տիրող սոցիալ-տնտեսական ծանր վիճակի համար մեղադրում է Սերժ Սարգսյանի և Անդրանիկ Մարգարյանի կառավարություններին: